AM
27 Դեկտեմբեր 2012 - 09:28 AMT

Ամանորի գիշերը հրավառություն թույլատրվում է ժամը 23.00-ից մինչև 01.00-ն

Վերջին տարիներին լայն տարածում է ստացել Ամանորը հրավառություններով տոնելու սովորույթը: PanARMENIAN.Net-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկանում է, որ ոստիկանությունը քաղաքացիներին զգուշության կոչ է անում, որում մասնավորապես նշված է. «Տեսարանն, ինչ խոսք, գեղեցիկ է, սակայն անփութությունը, անզգուշությունը, հրագործական միջոցների անորակությունը կարող են նաև մթագնել ամանորյա ուրախությունը, կարող են անցանկալի դեպքերի պատճառ դառնալ:

Պայթուցիկ հրագործական միջոցների հետ վարվելու կանոնները չպահպանելու հետևանքով, մասնավորապես, անչափահասների շրջանում դժբախտ պատահարները բացառելու, ինչպես նաև հասարակական կարգի և անվտանգության պահպանման նկատառումներով քաղաքացիներին կրկին հիշեցնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գիշերային ժամերին՝ 23.00-ից մինչև 7.00-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք` 100.000 դրամի չափով:

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի համապատասխան որոշմամբ՝ նշված ժամանակից սահմանված է բացառություն, և Ամանորի կապակցությամբ թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01.00-ն»:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ իր խնդիրը քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելը կամ Ամանորի տոնի կազմակերպումը սահմանափակելը չէ, սակայն հորդորում է խստիվ պահպանել օրենքի պահանջը և զերծ մնալ նշված ժամերից դուրս հրավառություն կազմակերպելուց: Համակեցության կանոնների պահպանման և ամրապնդման գործում հաջողության գրավականը ոչ թե պատիժն է, այլ փոխադարձ հարգանքի և օրինականության պահպանումը»: