Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ալժիրի Հանրապետության անվտանգության խորհրդի աշխատանքները համակարգող քարտուղար, Ալժիրի նախագահի անվտանգության և անդրազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի գլխավորած պատվիրակությանը:Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԱԽ-ից, Արթուր Բաղդասարյանի և Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում, որի ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում հայ-ալժիրյան երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշել է, որ պատվիրակության այցելությունը հնարավորություն կընձեռի հայ-ալժիրյան հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար: «Այցը մի քանի հնարավորություն կտա: Նախ մշտական կոնսուլտացիաներ կիրականացնենք Հայաստանի և Ալժիրի միջև անվտանգության ոլորտի, տարածաշրջանային համագործակցության և միջազգային կառույցներում փոխգործակցության ուղղությամբ: Երկրորդ, համագործակցություն կհաստատենք ՀՀ և Ալժիրի ուժային կառույցների միջև: Եվ երրորդը, համագործակցություն կհաստատենք երկու երկրների զինված ուժերի միջև պաշտպանության ոլորտում: Հայաստանն ունի զարգացող ռազմական արդյունաբերության համակարգ և այս ոլորտում մենք կարող ենք Ալժիրի հետ արդյունավետ համագործակցել: Մենք ակտիվ պայքարում ենք թրաֆիքինգի, թմրամոլության, ահաբեկչության և կիբերահաբեկչության դեմ, հետևաբար այս ոլորտներում նույնպես կան համագործակցության լայն հնարավորություններ»,- ասել է Արթուր Բաղդասրյանը:
Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Ալժիրի Հանրապետությունը պատրաստակամ է Հայաստանի Հանրապետության հետ խորացնելու համագործակցությունը: «Այցս Հայաստան տեղի է ունենում Ալժիրի նախագահի հրահանգով, և ուզում եմ վստահություն հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները ամուր հիմք կհանդիսանան հայ-ալժիրյան հարաբերությունները բազմաթիվ ոլորտներում զարգացնելու համար: Հետագա համագործակցությունը խորացնելու համար, իսկապես պետք է քաղաքական երկխոսություն սկսել, կոնսուլտացիաների մեխանիզմ և համագործակցության ճանապարհային քարտեզ ներդնել, որը կարևոր դեր կունենա ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»,- ասել է նա:
Հանդիպման ավարտին Արթուր Բաղդասարյանն ալժիրցի պաշտոնյաներին հրավիրել է Հայաստան՝ 2013թ.-ին անցկացվելիք «Կանալ-Կավկազ» միջազգային հակաթմրանյութային գործողությունը, որի Միջազգային համակարգող շտաբը տեղակայվելու է Երևանում:
Վաղը Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի գլխավորած պատվիրակության այցի արդյունքներով կստորագրվի արձանագրություն:





