AM
29 Դեկտեմբեր 2012 - 09:00 AMT

Ահարոն Ադիբեկյան. Ընդդիմադիր ուժերն ամեն ինչ արեցին, որ Սերժ Սարգսյանը վերընտրվի

Եթե գալիք նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը հաղթի՝ դրա մեջ ոչ այնքան լումա կունենան ՀՀԿ-ականները, որքան ընդդիմությունը՝ իր վարքագծով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «Ընդդիմադիր ուժերն ամեն ինչ արեցին, որ Սերժ Սարգսյանը 2-րդ անգամ ընտրվի նախագահ»,- ասաց նա:

Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ փետրվարի 18-ին մենք կունենանք ժողովրդավարական սկզբունքներին մոտ ընտրություններ: «Ես հույս ունեի, որ ԲՀԿ-ն այնուհանդերձ հանդես կգա որպես երկրորդ ուժ: Երկուսն էլ ունեին ադմինիստրատիվ ռեսուրս, սակայն Ծառուկյանը հրաժարվեց մասնակցել ընտրությեւններին և չեզոք դիրք է գրավել, չնայած իր վարկանիշը չի ընկել»,- նկատեց սոցիոլոգը: Նա նշեց, որ այժմ ընտրությունների ելքը կախված է ԲՀԿ առաջնորդի ընտրազանգվածից: «Սակայն Ծառուկյանի ընտրազանգվածը կանայք են՝ բավական խանդոտ կանայք, և նրանք չեն ցանկանա բաժանվել իրենց թեկնածուից ու հնարավոր է չգնան ընտրություններին»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը: