Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ոստիկանության ստորաբաժանումների պարեկային խմբերը Երևանում ուժեղացված ծառայության են անցել: Նախատոնական ու տոնական օրերին մայրաքաղաքում պարեկում իրականացնող վերակարգերի ստուգատեսն ընդունել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Այս մասին PAnARMEIAN.Net-ը տեղեկանում է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Հրահանգավորելով Երևանի կայազորի, Ճանապարհային ոստիկանության, Պետական պահպանության գլխավոր վարչության, Հասարակական կարգի պահովման վարչության և այլ ստորաբաժանումների պարեկային խմբերին՝ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է տոնական պարեկաման ձևաչափն ու խնդիրները:
Տոնական ծառայության դուրս եկավ 140 պարեկային մեքենա՝ շուրջ 300 ծառայողներով, որոնք շուրջորյա հերթափոխումով ապահովելու են հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը մայրքաղաքի բոլոր շրջաններում, հասարակական և զվարճանքի վայրերում:
Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Տոնական ուժեղացված ծառայությունը՝ ուղղված երևանցիների ու քաղաքի հյուրերի անվտանգության ապահովմանն ու անցանկալի միջադեպերով սիրելի տոնը չմթագնելուն, սկսված է, և կարծում ենք, որ Ամանորի գիշերը հնչող բարեմաղթանքների մեջ գնահատումի ու երախտագիտության խոսք կլինի նաև ոստիկանին, որն այդ պահին իր տանը չէ, որպեսզի մեր տներից չպակասի լուսավոր ու տաք ապահովությունը»:





