Քանի որ Ադրբեջանը չի ճանաչում ինչպես ԼՂՀ քաղաքացիների հիմանրար իրավունքներ, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության իրավունքը, խաղաղության պայմանագրի ստորագրման հույսերը քիչ են: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը: Ըստ նրա՝ այս պատճառով տարածաշրջանում խաղաղության պահպանումը արդիական խնդիր է: «Դրա համար մի կողմից անհրաժեշտ է պահպանել ուժերի հավասարակշռությունը, քանի որ դրա վրա է հիմնված խաղաղության ապահովումը: Մյուս կողմից, անհրաժեշտ է հասնել ԼՂՀ միջազգային ճանաչմանը, ինչը կարող է վերջ դնել իրադարձությունների` ռազմական ուղիով զարգանալու հեռանակարներին»,- ասաց նա: Մասիս Մայիլյանը նկատեց, որ ժամանակակից փորձը ցույց է տալիս, որ նոր պետությունների միջազգային ճանաչումը կոնֆլիկտային գոտիներում երկարատև կայունության ապահովման առավել արդյունավետ մեխանիզմ է:





