AM
8 Հունվար 2013 - 10:34 AMT

Ալեքսանդր Մանասյան. Ստում է կամ Փաշազադեն, կամ Իլիա 2-րդը

Առաջին դեպքը չէ և այն չպետք է դիտարկել առանձին վերցրած ու ընդհանուր քաղաքականությունից դուրս: Վրաց պատրիարք Իլիա 2-ին վերագրվող հայտարարության և դրա հերքման մասին քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի կարծիքն է: Այսօր ասուլիսի ժամանակ նա ասաց.«Սա Բաքվի որդեգրած քաղաքական ուղեգիծն է` կեղծիքի ու ապատեղեկատվության վրա հիմնված, որը սկսվել է դեռ տասնամյակներ առաջ»:

Հայտարարության իրական լինել-չլինելու մասին քաղաքագետը մի քանի տարբերակ նշեց. Իլիա 2-րդը հնարավոր է՝ ասել է իրեն վերագրվող խոսքը, բայց նկատի ունենալով, որ կմնա ներքին խոսակցության մակարդակում: Ասելուց հետո փոշմանել է ու հերքել: Հնարավոր է նաև ոչ ուղղակի տեքստով ակնարկ է եղել կամ ընդհանրապես ոչինչ չի ասել:

«Ամեն դեպքում, ստում է կամ Փաշազադեն, կամ Իլյա 2-րդը, և դա պետք է դրոշակ դարձնել ու պարզել»,- ասաց Ալեքսանդր Մանասյանը:

Նրա հետ համակարծիք է Սամվել Կարապետյանը: Հուշարձանագետը չբացառեց, որ Իլիա 2-րդը հենց ուղիղ տեքստով կարող էր նման հայտարարություն անել, քանի որ ոչ միայն նա, այլև վրացիները Հարավային Օսեթիան և Աբխազիան հետ բերելու նպատակ ունեն:

«Ադրբեջանը հավասարության նշան է դրել ԼՂՀ, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի միջև և մենք հակառակ ոչինչ չենք անում: Մեր անելիքը պիտի լինի պաշտոնական, դիվանագիտական, քարոզչական մեթոդներով այդ խնդիրները տարանջատելը, ոչ թե հիմա ճռական հարված հասցնելը», – ասաց Սամվել Կարապետյանը: