Ծովային իրավունքի համաձայնագրին միանալու և դեպի ծով ելք ստանալու ուղղությամբ Հայաստանում պետական մակարդակով լուրջ քննարկումներ են սկսվել և ինչ-որ տեղաշարժ, թեկուզ ուշացած, կա:
Միջազգային հարցերով փորձագետ Մենուա Սողոմոնյանը հիշեցնում է, որ 1965 թվականի Նյու Յորքի Տրանզիտային առևտրի և 1982-ին ՄԱԿ-ի՝ Ծովային իրավունքի կոնվենցիաների համաձայն դեպի ծով ելք չունեցող երկրներին ծովային ելք պիտի ապահովեն այդ ելքն ունեցող հարևան երկրները: Հարևան երկիրն իր նավահանգստում պարտավորվում է տեղ տրամադրել և տալ նաև անհրաժեշտ տեխնիկա: Ապրանքների առաքումն այս երկրների միջոցով մաքսային հարկման չի ենթարկվում:
Քաղաքագետ Նարեկ Գալստյանն էլ նկատեց, որ մեր հարևաններից այս համաձայնագրին միացել են Վրաստանն ու Թուրքիան, իսկ Ադրբեջանն ու Իրանը՝ ոչ: Համաձայնագրին մինչ օրս չի միացել նաև մեր երկիրը: «Միանալու դեպքում մենք միայն Վրաստանից և Թուրքիայից կարող էինք ակնկալել իերնց նավահանգիստներում առավել մատչելի գներով տեղերի վարձակալություն: Թուրքիան բնականաբար թույլ չի տա: Մնում է Վրաստանի տարբերակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նարեկ Գալստյանը:
Նա նշեց, որ Հայաստանում այս հարցի վերաբերյալ քննարկումները նոր չեն: Սակայն կոնկրետ արձագանքներ և քայլեր չկան: 2008-ին ԱԺ-ում հարցը քննարկվեց, սակայն որևէ քայլ չարվեց համաձայնագրին միանալու ուղղությամբ: Նարեկ Գալստյանը հույս հայտնեց, որ առաջիկայում առավել լուրջ քայեր տեսանելի կլինեն:
Խոսելով համաձայնագրի տրամադրած հնարավորությունների մասին, Մենուա Սողոմոնյանը նկատեց, որ այս կոնվենցիան բխում է միջազգային իրավունքի կարևորագոյն՝ համագործակցության սկզբունքից: «Համագործակցությունը ոչ թե պետական իշխանության կողմից կատարվող քայլ է, այլ պարտավորություն. այն պարտավորեցնում է համագործակցել»,- ասաց փորձագետը:
Ավելացնենք, որ սա շրջանակային կոնվենցիա է և վերաբերում է միայն համաձայնագրին միացած երկրներին: Իսկ միացած երկրների հարաբերությունները կարգավորվում են երկկողմ պայմանագրերով և համաձայնագրերով:





