AM
8 Հունվար 2013 - 11:32 AMT

Կադաստրի նախկին ղեկավարը մեղադրվում է «Սևան ազգային պարկում» չարաշահումների գործով

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերով հարուցված քրեական գործով ավարտվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Սևան» ստորաբաժանման նախկին ղեկավարի մասով նախաքննությունը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Սևան» ստորաբաժանման նախկին ղեկավար Է. Առաքելյանը 2005-2009թթ. իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և կատարել է պաշտոնեական կեղծիքներ:

Մասնավորապես` պաշտոնեական փաստաթղթերում` անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման միասնական մատյաններում ու վկայականներում, ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու և տրամադրելու, ինչպես նաև անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում առանց գույքի գրանցման անօրինական կարգով անշարժ գույքի գրանցման վկայականներ տրամադրելու, տրամադրված վկայականների տվյալները համապատասխան մատյաններում չներառելու միջոցով ու այլ անօրինական եղանակներով մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ապօրինի գրանցել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողատարածքների նկատմամբ վարձակալության կամ կառուցապատման իրավունքներ, նրանց տրամադրել իրավունքի գրանցման պետական վկայականներ:

Արդյունքում` պետությանը պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Է. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: