AM
9 Հունվար 2013 - 07:51 AMT

Դերենիկ Դումանյանը մեկ շաբաթ ժամանակ է տվել պարզելու, թե ինչու են բարձրացել որոշ դեղերի գները

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին» մեկ շաբաթ ժամանակ է տվել ուսումնասիրելու, թե վերջին օրերին ինչ պատճառով են որոշ դեղերի գները բարձրացել և ներկայացնել առաջարկներ դրանց վրա ներգործելու նպատակով։ Նախարարը միաժամանակ, հանձնարարել է ողջ տարվա ընթացքում մշտական հսկողություն իրականացնել պայմանագրային կետերի կատարման նկատմամբ և առավել խիստ մոտեցում ցուցաբերել հավելագրման դեպքերի նկատմամբ։ Դերենիկ Դումանյանը 2013 թվականի առաջին գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձել է նաև համակարգի առջև ծառացած գերակա չորս խնդիրներին։ Նախարարն առանձնացրել է բժշկական օգնության որակի և արդյունավետության ապահովումը, մարզերի համաչափ զարգացումը, դեղերի ոլորտը և ֆինանսավորման արդիականացման խնդիրները: Նախարարը հանձնարարել է կազմել ժամանակացույց, որպեսզի մինչև առաջին եռամսյակի վերջն ավարտվեն ըստ հիվանդությունների բուժական սխեմաների մշակումը և ներդրումը։Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: