Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը շատ ավելի վաղուց պետք է լիներ: Հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի տեսակետից, Արցախի բնակչությունն ազատ տեղաշարժի իրավունք ունի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, թե հնարավո՞ր է, որ մինչ Հայաստանի նախագահական ընտրությունները օդանավակայանը շահագործվի, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը նկատեց, որ մարդիկ Արցախ հասնում են նաև այլ տրանսպորտային միջոցներով: «Մեծ տարբերություն չկա, թե մարդիկ ինչ ճանապարհով կհասնեն Արցախ: Այդ օդանավակայանից ուղղաթիռներ թռնում են և այն որպես այդպիսին արդեն օգտագործվում է: Հիմա թող այդ տրանսպորտի միջոցն էլ ավելանա»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա նկատեց, որ հարցը պետք է լուծել և որքան հնարավոր է շուտ:





