AM
9 Հունվար 2013 - 09:07 AMT

Հայաստանում բնակչության 10-15 տոկոսը աղանդավորական կառույցների է հարում

2012 թվականի տվյալներով Հայաստանում 64 կրոնական կառույց է գրանցված, ևս 200-ը գրանցված չեն կամ գրանցված են, բայց գործում են որպես մշակութային, առողջապահական կամ այլ կառույցներ: 350 հազար ոչ առաքելական եկեղեցու հետևորդ կա, 200 հազար՝ քայքայիչ աղանդների հետևորդ:Ամենաշատ հետևորդներ ունի աղանդավորական բողոքական ճյուղը՝ 18 հազար և ավելի: Բնակչության 10-15 տոկոսը աղանդավորական կառույցների է հարում: Այս թվով տարածաշրջանում Հայաստանը առաջին տեղն է զբաղեցնում: Տվյալներն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը:

Նրա խոսքով՝ կենտրոն 2012 թվականին քիչ մարդ է դիմել: Ամարյանը բացատրեց.«Հասարակությունը գիտի, որ տվյալ մարդն աղանդավոր է և չի շփվում նրան հետ: Աղանդավորները բոյկոտում են աղանդից դուրս եկածներին: Նրանց մնում է կամ ինքնասպանություն գործել կամ հետ գնալ, բայց արդեն ստրուկի կարգավիճակում»:

Այնուամենայնիվ, կենտրոնի տնօրենն առանձնացրեց 2 դեպք: Առաջինը երիտասարդ մի տղամարդու դեպքն է, ով վերջին 10 տարին անցկացրել է հոգեբուժարանում և Ամարյանի բնորոշմամբ՝ հիմա «կիսաբանջար» վիճակում է, բայց նրան օգնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում: Մյուսը մի կնոջ դեպք է, ով Սարյան և Նալբանդյան փողոցներում տներ ունի: «Կյանքի խոսք» աղանդի ղեկավարները հիմա բնակվում են այդ տներում և բնակչուհուն փորձում են դատական միջոցներով զրկել սեփականության իրավունքից: