AM
9 Հունվար 2013 - 09:33 AMT

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ալիևը իշխանությունը պահելու համար օգտագործելու է ղարաբաղյան թեման

2013թ.-ին Արցախի հակամարտության բանակցություններում մեծ սպասելիքներ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը չունի: Միևնույն ժամանակ նա նշեց, որ Ադրբեջանում և Հայաստանում սպասվում են նախագահական ընտրություններ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ ընտրությունների նախաշեմին Ալիևը իշխանությունը պահելու համար օգտագործելու է ղարաբաղյան թեման և փորձելու է, այդ հարցի շուրջ լարվածություն ստեղծելով, կոնսոլիդացնել ադրբեջանական հասարակությունը:

Ըստ քաղաքագետի՝ Իլհամ Ալիևը ղարաբաղյան հարցը լարվածության մեջ է պահելու, իսկ նպատակն է շեղել հասարակության ուշադրությունը Ադրբեջանի ներքին խնդիրներից: Հրանտ Մելիք-Շահնազարյանը համոզված է, որ այս տարի էլ Ադրբեջանը շարունակելու է սպառազինության մրցավազքը, ինչը ավելացնելու է լարվածության աստիճանը տարածաշրջանում:

«Ադրբեջանը ղարաբաղյան հարցում հանդես է գալիս մաքսիմալիստական դիրքերից և քիչ հավանական է, որ այդ հարցում որևէ առաջընթաց կլինի 2013թվականին: Ադրբեջանն անընդհատ լարվածություն է ստեղծում և քայլեր է ձեռնարկում ղարաբաղյան բանակցային գործընթացը տապալելու ուղղությամբ»,- ասաց Հ.Մելիք-Շահնազարյանը:

Արցախում պատերազմի վտանգը քաղաքագետը քիչ հավանական է համարում, քանի որ հայկական կողմերը կանխարգելիչ գործողություններ են ձեռնարկում՝ ՀՀ-ն բարձրացնում է ռազմա-քաղաքական համագործացության աստիճանը տարբեր կազմակերպությունների հետ: Նա նաև նկատեց, որ հավանական պատերազմի դեպքում մեր զինված ուժերը ոչ միայն ունակ են պաշտպանել դիրքերը, այլև առաջ գնալ: