Կովկասի մահմեդականների վարչության նախագահ և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն սուր ընդգծված հակայակական քաղաքականություն վարող չինովնիկ է: Այդ վարչական աշխատողը չի կարող արտահայտել Ադրբեջանում բնակվող բոլոր մահմեդականների տեսակետը: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր այս պնդումը հիմնավորում է նրանով, որ Փաշազադեն բացահայտ պաշտպանում է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի վարած քաղաքականությունը և այն համարում «Ալլահին հաճո»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի Ալլահշուքյուր Փաշազադենի հետ Արցախի սահմանին հանդիպելու առաջարկին, Հրանտ Մելիք-Շահնազարյանը քայլը դրական համարեց, սակայն, ըստ նրա, դա ընդամենը հանդիպում է։ «Լավ է, որ հոգևոր առաջնորդները փորձում են դիվանագիտական քայլեր ձեռնարկել, սակայն դրանք ընդամենը հանդիպումներ են և չեմ կարծում, որ նրանք կարողնան ինչ-որ բան փոխել»,- եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնարարությամբ Արցախի սահմանին հանդիպելու առաջարկը Փաշազադեին փոխանցել է վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:





