Թուրքիայի առաջատար թերթերն այդպես էլ չանդրադարձան 2012թ. դեկտեմբերի 28-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում 84-ամյա հայ կնոջ սպանությանը, իսկ մի քանի թերթեր այն որակեցին սովորական սպանություն: Որոշ կայքեր հրապարակեցին «Ակոսում» հրատարակված «Մարիցա Քյուչուքի սպանությունը և Թուրքիայի հայերի անհանգստությունը» վերնագրով հոդվածը: Այս հոդվածում նշված է, որ Քյուչուքի սպանությունից առաջ էլ թաղամասի տարեց հայ բնակիչների նկատմամբ բռնություններ են գործադրվել:
Պարբերականի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը մտահոգություն է հայտնել, որ սպանությունը Ստամբուլի Սամաթիա թաղամասում վերջին շրջանում կատարված երկրորդ բռնությունն է հայազգի կնոջ նկատմամբ և դեպքերի միջև որոշակի կապ կա:
«Մարիցա Քյուչուքի սպանությունը Ստամբուլում բնակվող հայերին միանգամից հիշեցրեց այս դեպքը: Նույն ամսվա ընթացքում, նույն թաղամասում երկու հայ կանայք նման կերպով ենթարկվեցին հարձակման. մեկը մահացավ, իսկ մյուսը կուրացավ: Դրանից բացի, հաղորդվեց, որ Մարիցա Քյուչուքի մարմինը մերկ է եղել, իսկ նրա որդի Զադիք Քյուչուքը պատմեց, որ մարմնի վրա դանակով խաչ էր արված: Ստամբուլում բնակվող շուրջ 50 հազար հայերի մոտ միջադեպը ներկայանում է դանակահարված, մարմնի վրա դանակով խաչ գծված, սպանված մերկ հայազգի կնոջ կերպարով, և կասկած է առաջանում` արդյոք նա չի սպանվել իր հայկական ինքնության համար»,- գրում է «Ակոսի» խմբագիրը:
Քոփթաշը, նշելով սպանությունից հետո ոստիակնության արած հայտարարությունը, որ սպանությունը «սիրողական մակարդակով» է, իսկ հանցագործի ձերբակալությունը` րոպեների հարց, հավելում է. «Այս ամենը հիշեցնում է Հրանտ Դինքի սպանությունից հետո Ստամբուլի ոստիկանության պետ Ջելալեթթին Ջերրահի խոսքերը: Նա ասել էր. «Կատարվածը կապ չունի հանցագործ խմբավորման հետ: Դա ազգայնականության հողի վրա կատարված սպանություն է»: Սակայն այս հայտարարությունից հետո առողջ հետաքննություն չեղավ, և մենք բոլորս էլ տեսանք, որ դատարանի վճռից հանգիստ չէր անգամ դատավճիռն արձակող դատավորի խիղճը»:
«Ակոսի» խմբագիրը գրել է, որ 2007թ. Դինքի և 2011թ. հայազգի զինվոր Սևակ Բալըքչըի սպանություններից հետո մեծ ցնցում ապրած հայկական համայնքը Թուրքիայի պետական մարմիններից սպասում է համապատասխան արձագանքի:





