Աբովյան փողոցում ապամոնտաժված կրպակների տարածքը վերջնականապես խլում են հանրությունից։ «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է.«Դեռևս անցյալ տարվա մայիսին «Մեր քաղաքը» և «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով «անհապաղ ապամոնտաժել Աբովյան փողոցի հիշյալ տարածքում առկա վերջին կրպակը և վերջին օրերի ընթացքում սալապատված մակերեսը, որպեսզի տարածքը կանաչապատվեր և վերադարձվեր հանրությանը՝ որպես բաց, հանրային, ոչ առևտրային հանգստի գոտի»։
Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ վարչության պետ Արթուր Գևորգյանը հայտարարեց, թե «Աբովյան փողոցի կրպակներից ազատված տարածքում սրճարանի կամ որևէ այլ «օբյեկտի» կառուցում չի նախատեսվում»:
Այնուամենայնիվ, ընդամենը շաբաթներ անց տարածքում սկսեց գործել հերթական բացոթյա սրճարանը, իսկ 2012-ի հունիսին շարունակվեցին ապօրինի կառուցապատման աշխատանքները: Մենք կրկին դատապարտեցինք քաղաքապետարանի տարածած սուտ տեղեկատվությունը, ինչին ի պատասխան քաղաքապետարանը հանդես եկավ հերթական ստահոդ հայտարարությամբ՝ պնդելով, թե տեղում հասարակական զուգարան է կառուցվելու:
Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին տարածքում կրկին ակտիվ շինարարություն էր։ Երկու հաստաբուն ծառերի բնականոն աճը խոչընդոտող քարե կառույցը այդպես էլ չապամոնտաժվեց, փոխարենը կառույցի վրա ավելացվել են երկաթյա բազրիքներ՝ հերթական սրճարանի համար։
Ակնհայտ է, որ քաղաքային իշխանությունները այս պարագայում ևս հավատարիմ են մնում հանրության աչքերին թոզ փչելու և ստահոդ լուրեր տարածելու իրենց քաղաքականությանը, ինչին մենք ծանոթ ենք դեռևս Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարի օրերից։
Եթե նշված հատվածում մայթը սեփականաշնորհված է, ապա քաղաքային իշխանությունները պարտավոր են հանրայնացնել այդ տեղեկատվությունը և անօրինականության առկայության պարագայում բարձրացնել զեղծարարության ու դրան հաջորդած կեղծիքների հեղինակներին պատասխանատվության կանչելու հարցը։
Մինչ այդ, նման «հաղթական» ստերով առաջ շարժվող իշխանություններին տեղեկացնում ենք, որ ստելն էլ «սիրուն չի» և ստի վրա հիմնված ցանկացած կառույց պետք է ապամոնտաժվի։ Սույն պահանջը լիովին համահունչ ենք համարում այն բոլոր հայտարարությունների հետ, որոնք հնչեցվելու են գալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ամբիոններից»:





