AM
10 Հունվար 2013 - 06:27 AMT

Սաբին դը Բեթյուն. Բելգիայի հայկական համայնքը յուրօրինակ կամուրջ է մեր երկրի և Հայաստանի միջև

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունվարի 9-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Սաբին դը Բեթյունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Անդրե Ֆլաոյի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը կարևորվել են երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությունն ու շփումների ակտիվացումը, այդ թվում` խորհրդարանական բարեկամական խմբերի և մշտական հանձնաժողովների անդամների փոխայցելությունները, իչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում խորհրդարանականների սերտ համագործակցության հաստատումը:

Հովիկ Աբրահամյանի գնահատմամբ` խորհրդարանական դիվանագիտությունը մեծ դեր ունի ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում, և պետք է լավագույնս օգտագործել այն:

Անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին` ԱԺ նախագահը վստահեցրել է, որ, անկախ տարածաշրջանում առկա խնդիրներից և մարտահրավերներից, Հայաստանը հաստատակամորեն ընտրել է պետականաշինության ժողովրդավարական ճանապարհը: Հայաստանը հաստատակամ է եվրոպական չափանիշներին համապատասխան խորքային և համակողմանի բարեփոխումները շարունակելու հարցում: Եվրամերձեցման քաղաքականությունը Հայաստանի համար ոչ միայն ներքին բարեփոխումների, այլև արտաքին քաղաքական օրակարգի առանցքներից է:

Կողմերն անդրադարձել են նաև Բելգիայի հայ համայնքի դերին ու նշանակությանը: Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Սաբին դը Բեթյունը նկատեց, որ յուրաքանչյուր երկրում հայկական համայնքը յուրօրինակ կամուրջ է տվյալ երկրի և Հայաստանի միջև, և ցանկալի է, որ այդ կամուրջը լինի ամուր ու անսասան: Նրա գնահատմամբ` Բելգիայի հայ համայնքը իր նպաստն է բերում ինչպես Բելգիայի սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացմանը, այնպես էլ հայ-բելգիական հարաբերությունների սերտացմանը:

Այս մասին hայտնում եմ ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: