AM
10 Հունվար 2013 - 07:04 AMT

Հայաստանը հանդես է եկել Եվրանեսթի լիագումար նստաշրջանը 2014-ին Երևանում անցկացնելու նախաձեռնությամբ

Պաշտոնական հրավերով Բրյուսելում գտնվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԵԽ ԵԺԿ խմբակցության ղեկավար Ժոզեֆ Դոլի հետ:

ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ ԵՄ կառույցների հետ համագործակցությունը դրական զարգացում ունի, նա կարևորել է ԵԺԿ դերը եվրոպական ինքնության պահպանության և Եվրոպական Միության գործընկեր երկրների հետ համագործակցության խորացման գործում:

Հովիկ Աբրահամյանը հայաստանյան կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին ընդհանուր քրիստոնեական ժառանգությունից, հիմնարար ազատությունների, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներին հավատարմությունից բխող քայլ է համարել` նկատելով, որ եվրոպական արժեքներով, սկզբունքներով ու չափանիշներով զարգանալու Հայաստանի ձգտումը վայելում է հասարակության լիարժեք աջակցությունը: Նա հայտնել է, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավորությամբ մեծ ջանքեր են գործադրվել եվրոպական արժեհամակարգի վրա հիմնված ժողովրդավարական երկիր կառուցելու, Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, որի արդյունքները ավելի ու ավելի տեսանելի են դառնում:

Հովիկ Աբրահամյանն ու ԵԺԿ խմբակցության ղեկավարը քննարկել են նաև Արևելյան գործընկերության բազմակողմ ձևաչափով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր և կարևորել այս ձևաչափով ԵՄ-ի և գործընկեր երկրների հետ համագործակցության խորացումը: Նշվել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն ակտիվորեն համագործակցում են Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության անդամների հետ ինչպես Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի, այնպես էլ ԵՄ-Հայաստան Խորհրդարանական համգործակցության հանձնաժողովի շրջանակներում:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Հայաստանը հանդես է եկել Եվրանեսթի լիագումար նստաշրջանը 2014 թվականին Երևանում անցկացնելու նախաձեռնությամբ:

Անդրադաձել են նաև փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին: ԱԺ նախագահի գնահատմամբ` Հայաստանի իշխանությունները ունեն քաղաքական կամք` ընտրությունները թափանցիկ և եվրոպական չափանիշներին համապատասխան անցկացնելու համար, ինչը Հայաստանի հետագա առաջընթացի լավագույն երաշխիքը կլինի:

Այս մասին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: