Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարևոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային հարաբերությունների տեսանկյունից: Նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ ԵԽ ԵԺԿ խմբակցության ղեկավար Ժոզեֆ Դոլի հետ հանդիպման ժամանակ: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ այս հարցում Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով, հավատարիմ է մնացել Ցյուրիխում ստորագրած արձանագրությունների ոգուն և պատրաստակամ է առանց նախապայմանների կատարելու իր ստանձնած պարտավորությունները: «Այնինչ Թուրքիան շարունակում է առաջ քաշել արձանագրություններում բացակայող նախապայմաններ, որոնք ի սկզբանե անընդունելի են Հայաստանի համար»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունվարի 8-ին պաշտոնական հրավերով մեկնել է Բրյուսել, որտեղ հանդիպումներ է ունեցել ԵՄ մի շարք պաշտոնյաների հետ:





