Հունվարը սկսվեց իրեն հատուկ եղանակային պայմաններուվ: Առատ ձյուն է տեղում հանրապետության հյուսիսային հատվածում՝ նորմայից փոքր ինչ ավելի: Ապարանում ձնածածկը 1 մետր 10 սմ է: Ձյան այսպիսի բարձրություն վերջին անգամ գրանցվել է 1993 թվականին: Արարատյան դաշտում ձյան ծածկը ցածր է, քանի որ ձյունը տեղաց անձրևից հետո: Տվյալներն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց ԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայության Օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ ԶարուհիՊետրոսյանը.«Առաջիկա գիշերվանից տեղումները հանրապետության տարածքում կդադարեն՝ բացի Սյունիքից և Վայոց ձորից:
Առանց տեղումների եղանակը կշարունակվի 5 օր: Հունվարի 14-ից հետո ամպամածությամբ պայմանավորված՝ ջերմաստիճանը պարբերաբար կբարձրանա-կիջնի: Մայրաքաղաքում ցուրտը կլինի 1-3 աստիճան, Արարատյան դաշտում՝ 6-8»,-ասաց նա:
Զարուհի Պետրոսյանի տվյալներով՝ շաբաթվա ամենացուրտ գիշերը հունվարի 12-13-ին կլինի: Արարատյան դաշտում կդիտվի մինչև 13 աստիճան ցուրտ, Շիրակում՝ 18, լեռնային շրջաններում՝ 16 աստիճան ցուրտ:





