2013 թվականի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը 2013-ը սկսել է վստահ և գործնական տրամադարությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հույս հայտնեց, որ այս տարի Հայաստանը կունենա արդար նախագահ, իսկ արդեն 2013 թվականի սեպտեմբերին կանցկացվեն արդար խորհրդարանական ընտրություններ:
«Այս Ազգային ժողովը չեմ ճանաչում որպես օրենքի գերագույն մարմին: Սահմանադրությունը ինձ թույլ չի տալիս, որ նախագահ ընտրվելուց հետո 6 ամսվա ընթացքում ցրեմ ԱԺ-ն, սակայն հույս ունեմ, որ այնպիսի իրավիճակ կստեղծվի, որ ԱԺ-ն կինքնալուծարվի»:
Նա նաև հայտնեց, որ Ազգային ժողովում ձևավորվելու են կուսակցությունների դաշինքենր, քանի որ արդար ընտրությունների դեպքում ներկայիս կուսակցություններից որևէ մեկը չի կարող հավաքել բավարար ձայներ:
«Այդ կուսակցությունները կներկայացնեն տնտեսական ծրագիր և մենք միասին Հայաստանը կհանենք այս ծանր քաղաքական և տնտեսական ճգնաժամից»:
Վարդան Սեդրակյանը խոստանում է ստեղծել իրար հակակշռող 2 հզոր կառույցներ՝ նախագահի ինստիտուտ և ԱԺ: Նա խոստանում է նաև լուծել օլօգարխիայի հարցը.«Եթե մենք կարողանանք սննկացնել գոնե մեկ օլիգարխի, մյուսներն իրենց ֆինանսական միջոցներով կփախնեն երկրից»:
Նախագահի թեկնածուն ևս մեկ անգամ նշեց, որ իր նպատակը հերթական նախագահ դառնալը չէ, այլ Հայաստանի երեք նախագահներին միավորելը.«Երեք նախագահները իրենց ընտրողների միջոցով կապահովեն իմ հաղթանակը, իսկ իմ հաղթանակը Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակն է»,-եզրափակեց Վարդան Սեդրակյանը:





