AM
10 Հունվար 2013 - 10:04 AMT

Հովիկ Աբրահամյան. Նախապայմաններ առաջ քաշելու բարոյական իրավունքը պատկանում է Հայաստանին

Հունվարի 9-ին Բրյուսելում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ստեղծման արարողության ժամանակ, իր ողջույնի խոսքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցին:

« Ադրբեջանը բազմիցս փորձել է Եվրախորհրդարանում ընդունվող տարբեր բանաձևերում ու զեկույցներում խցկել հակամարտության էությունն աղավաղող և ընդգծված հակահայկական ուղղվածություն ունեցող կեղծ տեղեկատվություն: Այդ փորձերը կասեցվել են ձեր շնորհիվ, որովհետև դուք քաջատեղյակ եք իրականությանը: Ավելին, ձեզանից ոմանք անձամբ են այցելել ժողովրդավարություն կառուցող, եվրոպական արժեքներ դավանող և խաղաղություն քարոզող Լեռնային Ղարաբաղ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնուրույն պետք է կերտի իր ապագան` հենվելով ժողովուրդների ինքնորոշման միջազգային սկզբունքի վրա»,-ասել է ԱԺ նախագահը:

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանն այս հարցում առաջնորդվել է ոչ թե զգացմունքներով, այլ պետական շահերով. «Բոլորիս հայտնի է, թե ինչ ճակատագրի արժանացան Ցյուրիխյան արձանագրությունները Թուրքիայում. դրանք ուղղակի չվավերացվեցին Թուրքիայի խորհրդարանում: Ավելին, Ադրբեջանի անթաքույց ճնշման ներքո Թուրքիան առաջադրեց նախապայմաններ, որոնք անընդունելի են Հայաստանի համար: Եթե մենք խոսեինք նախապայմանների լեզվով, ապա այն առաջադրելու բարոյական իրավունքը պատկանում է Հայաստանին, այլ ոչ թե Թուրքիային: Մինչ այսօր Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման մեջ իր երկու հարևանների կողմից»:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ստեղծման կապակցությամբ ստորագրվել է հուշագիր: