AM
10 Հունվար 2013 - 11:20 AMT

Մնաց նախագահի 8 թեկնածու. ԿԸՀ ընտրագրավի վճարման անդորրագիրը չեն ներկայացրել 7-ը

Նախագահի պաշտոնի համար պայքարողների շարքերը նոսրացան: ԿԸՀ առաջադրման համար փաստաթղթեր ներկայացրած 15 քաղաքացիներից միայն 8-ի փաստաթղթերն են ամբողջական:

Ինչպես հայտնի է, գրանցման համար թեկնածուներից 8-ը մինչև սահմանված ժամկետը՝ փետրվարի 4-ը, ԿԸՀ չէին ներկայացրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը. բացակայում էր ընտրագրավի վճարման անդորրագիրը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս քաղաքացիներին հավելյալ 48 ժամ ժամանակ էր տրամադրել թերությունները վերացնելու համար: ԿԸՀ տրամադրած հավելյալ ժամանակն ավարտվեց այսօր՝ ժամը 14:00-ին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը, թեկնածուներից միայն «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանն է ներկայացրել ընտրագրավի վճարման անդորրագիրը:

Հերմինե Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ թեկնածուներից Մհեր Հայրապետյանը մինչեւ ժամը 15:00 ժամանակ ուներ, քանի որ վերջինիս վերաբերյալ որոշումը ԿԸՀ-ն կայացրել է մեկ ժամ ուշ: Մհեր Հայրապետյանը նույնպես չի ներկայացրել անդորրագիրը:

Եվ այսպես՝ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը, անկուսակցական, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը: