«Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ տնօրեն պրոֆոսոր Գ.Գ. Օկոևը մեկնաբանել է Կարապետ Կարապետյանի` իր հասցեին հնչեցրած մեղադրանքները: Բժիշկը ներկայացրել է որոշ պարզաբանումներ` Նունե Մաղաքյանին բժշկական վիրահատական միջամտության ենթարկելու մասին:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է, որ Նունե Մաղաքյանի ամուսին Կարապետ Կարապետյանի կողմից լրատվամիջոցների միջոցով տարածվում են ոչ միայն իրականությանը չհապատասխանող տեղեկություններ, այլ նաև «Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ-ին և անձամբ պրոֆեսոր Օկոևին ուղղված անվայել և վիրավորական արտահայություններ, որոնց չեն անդրադառնում`ցանկանալով մնալ քաղաքակիրթ երկխոսության և կոռեկտության սահմաններում: Հաշվի առնելով ՀՀ օրենսդրության պահանջները, ներկայացրել են բացառապես բժշկական գաղտնիք չհանդիսացող տեղեկություններ կամ այնպիսի տեղեկություններ, որոնք հայտնի են դարձել Նունե Մաղաքյանի և իր ամուսին Կարապետ Կարապետյանի հրապարակային հայտարարություններից:
«Ն.Մաղաքյանը 2008թ.-ի հոկտեմբերին, ունենալով ցավեր, դիմել է «Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ բուժօգնություն ստանալու խնդրանքով: Կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Ն.Մաղաքյանին բուժօգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է կատարել վիրահատություն, ինչի վերաբերյալ Ն.Մաղաքյանը տվել է իր գրավոր համաձայնությունը:
Վիրահատության ընթացքում պարզ է դարձել, որ նախնական ախտորոշումից բացի առկա են նաև վիրահատական միջամտության ենթակա այլ խնդիրներ, ինչը հաշվի առնելով` վիրահատությունն իրականացնող բժիշկի կողմից որոշում է կայացվել ընդլայնել վիրահատության ծավալը: Վիրահատության ընթացքում տեղի է ունեցել նման վիրահատությունների դեպքում բժշկությանը հայտնի բարդություններից մեկը, որից հետո կարիք է առաջացել այլ մասնագետների միջամտության, և Ն.Մաղաքյանը տեղափոխվել է այլ բժշկական կենտրոն: Մի քանի վիրահատություններից հետո Ն.Մաղաքյանի գրավոր խնդրանքով և գրավոր փաստաթղթի կազմման հիման վրա իր երիկամը հեռացվել է:
«Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ-ի կողմից իրականացված վիրահատական միջամտության ընթացքում որևէ բժշկական սխալ չի կատարվել:
Սա հաստատվում է երեք փորձաքննական եզրակացություններով, որոնցից երկուսը Հայաստանի Հանրապետությունում գործող բժիշկ մասնագետների կողմից իրականացված դատաբժշկական փորձաքննություններ են, մեկը` գերմանացի բժշկի կողմից իրականացված փորձաքննություն է: Գերմանացի բժշկին դիմել են Ն.Մաղաքյանը և իր ամուսինը, և եթե նրանց կարծիքով Հայաստանում փորձաքննություններն իրականացվում են ոչ օբյեկտիվ, ապա գերմանացի մասնագետի անաչառությանը կասկածելու որևէ հիմքեր նրանք չունեն: Մասնավորապես, գերմանացի բժիշկն իր եզրակացության մեջ հստակ նշել է, որ պրոֆեսոր Օկոևը վիրահատության ընթացքում որևէ բժշկական սխալ թույլ չի տվել և իր կողմից վիրահատության ծավալների ընդլայնումը եղել է ցուցված և ուղղված է եղել հիվանդի առողջության բարելավմանը»:





