Ավանի մի խումբ բնակիչների բաց նամակ են հղել Կաթողիկոսին, ոստիկանապետին ու կրթության և գիտության նախարարին։ Նրանք նամակում պատմում են, որ Ավանի, Թամրուչի փողոցի 36 հասեցեում գտնվող գիշերօթիկ հանրակրթական դպրոցում սովորող երեխաներին «ծեծում են, դեղեր խմեցնում և սովամահ անում»:
Նրանք պատմել են ռազմագիտություն դասավանդող ուսուցչի` Գնելի մասին, ով բնակիչների խոսքով, պարբերաբար ծեծում և պատժում է երեխաներին, վաղ առավոտյան ցանկացած ժամին արթնացնում է երեխաներին ու սոված ցրտին վազեցնում:
«Տնօրենը` ոմն կաթոլիկ Սերովբե վարդապետ Չամուրլյանն ստեղծում է արհեստական դժվարություններ` օգտվելով նրանից, որ աշակերտներն անապահով ընտանիքի երեխաներ են, նրանց դարձնում է փորձարարական լաբորատորիայի նմուշներ. երեխաներին ստիպում է խմել անհայտ ծագման դեղեր և հեղուկներ, իբր դիմադրողականության համար, սակայն ծնողների հետ մեր զրույցում պարզվեց, որ ոչ մի ծնողի բացատրություն չի տալիս դրանց բաղադրության և ձեռք բերման մասին: Ստիպողաբար լցնում է երեխաների բերանները, և ստուգում` խմել են, թե` ոչ: Անհասկանալիորեն դպրոցականները պարբերաբար ստանում են վնասվածքներ և կոտրվածքներ: Համապատասխան բժշկական բուժում չստանալով դրանք դառնում են երեխաների խեղման պատճառ: Տնօրենը խուսափում է իրավապահ մարմիների հետ որևէ շփումից, թաքցնելով բոլոր դեպքերը, որովհետև այս բոլորը կատարվում է իր անփութության պատճառով: Քանի որ աշակերտների մեծամասնությունը սահմանամերձ շրջանների և Ջավախքի՝ հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների զավակներ են, տնօրենը աստվածային պատվիրանին հակառակ, թե «Պատվիր հորդ ու մորդ» ծնողների և երեխաների միջև կապը հասցնում է նվազագույնի»: Հասունության տարիքում գտնվող երեխաները սնվում են թերի, և չի ստուգվում նաև կերակրի սննդարարությունը»,-ասված է նամակում: ՀՀ ոստիկանույան հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զորւյցում ասաց, որ ոստիկանությունն արդեն ուսումնասիրում է նամակը:





