ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ բացահայտվել է «Դալմայի այգիներ»-ին հարող տարածքում կատարված սպանությունը: Հունվարի 10-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում՝ Կուրղինյան փողոցի 15 շենքից, սպանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել նախկինում սպանության համար դատապարտված (կալանքից ազատվել է 1996 թ.-ին), 1960 թ. ծնված Սերգո Երեմյանը:
Նա խոստովանական ցուցմունքներ է տվել, որ հունվարի 3-ին «Դալմայի այգիների» տարածքում գտնվող, իրեն պատկանող տնակում, վիճաբանության ժամանակ, տարբեր առարկաներով հարվածել է Արա Հունանյանին, որը ստացված վնասվածքներից մահացել է, այնուհետև մասնատել է դիակը և թաքցրել իր տնակի հետնամասում:
Սերգո Երեմյանը ձերբակալված է: Հիշեցնենք, որ հունվարի 8-ին, ժամը 17.50-ին, Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 2/4 շենքին հարակից «Դալմայի այգիներ» այգեգործական ընկերության տարածքում, Սերգո Երեմյանին պատկանող տնակի հետնամասում, հայտնաբերվել էր Ա.Հ-ի դիակը` մասնատված վիճակում:





