AM
12 Հունվար 2013 - 10:31 AMT

Դեռ 1988-ին միջազգային կառույցներն ահազանգել են, որ Ադրբեջանը բռնություններ է կիրառում հայերի նկատմամբ

Դեռևս 1988 թվականին մի շարք միջազգային կազմակերպություններ ահազանգել են, որ Ադրբեջանը բռնություններ է կիրառում ադրբեջանաբնակ հայերի նկատմամբ: Ինչպես նշեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Տարոն Սիմոնյանը, 1988 թվականի հուլիսի 7-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև, որտեղ նշվել է, որ Լեռնային Ղարաբաղը պատմականորեն պատկանում է Հայաստանին:

«Այդ փաստաթղթում մտահոգություն է նաև հայտնվում, որ Խորհրդային Ադրբեջանում տեղի են ունենում բռնություններ հայերի նկատմամբ»,- նշեց նա:

Ըստ պատմաբան Գևորգ Մելքոնյանի, Բաքվի հայերի ցեղասպանությունը սկսվել է դեռ 1988-ից և գագաթնակետին հասել 1990 թվականի հունվարի 13-19-ը: Այդ ընթացքում, զոհվել են ավելի քան 400 հայեր:

«Սա ադրբեջանական պետության կողմից կանխամտածված և կանխորոշված ցեղասպանություն է եղել: Այն ժամանակ Միխայիլ Գորբաչովը նույնիսկ հայտարարեց, որ եթե հայերը շարունակեն Լեռնային Ղարաբաղի անկախության համար պայքարել, ապա Բաքուն համապատասխան քայլեր կձեռնարկի: Արդյունքում, մի քանի օր հետո տեղի ունեցավ Բաքվի հայերի ցեղասպանությունը»,- ասաց պատմաբանը:

Ըստ Մելքոնյանի, Հայաստանը պետք է այս ամենը ներկայացնի միջազգային հանրությանը և հասնի նրան, որպեսզի միջազգային կառույցներն ընդունեն իրավական փաստաթղթեր, որտեղ կդատապարտվեն Ադրբեջանի գործողությունները: