2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն` երեկ կալանավայրից ազատվել են մեր հայրենակիցներ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը:
Արմեն Գևորգյանին և Ռուբեն Շեկոյանը ձերբակալվել էին 2010 թվականին և առանց հիմնավոր ապացույցների դատապարտել էին 11 տարվա ազատազրկման:
Ինչպես հայտնում են Վիրահայոց թեմի մամլո դիվանից, ազատ արձակվելուց անմիջապես հետո, հարազատների և ընկերների ուղեկցությամբ նրանք ուղևորվել են Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ հանդիպել են Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին:
Հավելենք, որ Արմեն Գևորգյանը երկար տարիներ եղել է Աջարիայի հայ համայնքի ղեկավարը և 90-ական թվականներին կազմակերպել է Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու վերանորոգման աշխատանքները:
Նա և Ռուբեն Շեկոյանը մեծ հարգանք են վայելում Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ոչ միայն հայերի, այլև Աջարիայում բնակվող ազգաբնակչության կողմից:
Վիրահայոց թեմի մամլո դիվանից հաղորդում են, որ մոտ ժամանակները սպասվում է նաև հայազգի գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատումը: Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել էր Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը, հնարավոր է՝ հարցը լուծվի դատական ճանապարհով:
Հիշեցնենք նաև, որ քաղբանտարկյալներն ազատ են արձակվել «Համաներման մասին» օրենքի ստորագրումից անմիջապես հետո:Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի նախագահն ստորագրել է նախօրեին: Այն Վրաստանի պատմության մեջ առաջինն է, որի վրա վետո էր դրել նախագահ Սահակաշվիլին, իսկ խորհրդարանին հաջողվել էր հաղթահարել նախագահական վետոն: Համաներման մասին օրենքում ներառվել են միայն Սահակաշվիլիի հակառակորդները:





