AM
14 Հունվար 2013 - 07:23 AMT

Այսօր Ցեղակրոնի և Ցեղակրոնության օրն է

Հայ Արիական Միաբանությունը շնորհավորական ուղերձ է հղել` Հայ ցեղակրոնի օրվա առթիվ:

«Ազգի արիադավան (հեթանոս) – ցեղակրոն հատվածին նախապես շնորհավորել էինք նաև հունվարի 1-ի` Մեծն Հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա – 127-ամյակի առթիվ: Այժմ շնորհավորում ենք նաև հունվարի 14-ի` Հայ ցեղակրոնի և Ցեղակրոնության օրվա կապակցությամբ` մաղթելով արդար աշխատանք, երջանկություն, համբերություն և քաջություն, նաև ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:

Ցեղակրոն հայորդի – նշանակում է ցեղը կրող՝ հայի գենը կրող արորդի, հայկական արժեքային համակարգը կյանքի ուղենիշ դարձրած հայ, հավիտենարժեք սկզբունքների հետևորդ հայորդի:

Արիադավան (հեթանոս), քրիստոնյա, մահմեդական (ծպտյալ) և այլադավան ու այլուրեք ապրող հայերը կարո՛ղ են և պե՛տք է համախմբվեն Ցեղակրոն գաղափարների շուրջ, ինչը թույլ կտա աշխարհի շուրջ 200 երկրներում ազգայնորեն աշխուժացնել հայկական տարրն ու հայանպաստ գործունեությունը:

Ցեղակրոն հայը ապագա և ամբողջական Հայաստանի կերտողն ու տերն է լինելու, հայության համախմբողը, ուստի՝ հունվարի 1-ը և 14-ը պետք է դառնան աշխարհասփյուռ հայության ազգային տոները, ինչը պարբերաբար վեր կհառնի նաև հայի գենետիկ ու աստվածատուր զորություններն ամբողջ աշխարհում:

Փառք Ցեղակրոն հային, փառք Գարեգին Նժդեհին»,-ասված է շնորհավորական ուղերձում: