AM
14 Հունվար 2013 - 08:43 AMT

Վարդան Սեդրակյանը Ռուսաստանի և Վրաստանի ղեկավարներին կոչ է անում նախընտրական շրջանում Հայաստան չայցելել

Այս շաբաթ նախատեսված է Վրաստանի վարչապետի այցը Հայաստանի Հանրապետություն: Գալիք նախագահական ընտրություններում նախագահի պաշտոնի համար պայքարի մեջ մտած էպոսագետ Վարդան Սեդրակյանին հետաքրքրում է մեկ հարց՝ ի՞նչ լուրջ, շտապ և կարևոր հարցեր են ծագել Հայաստանի և Վրաստանի միջև, որ Իվանիշվիլին որոշել է այցելել Հայաստան: «Այսօր ԿԸՀ-ն վերջնականապես հայտնելու է թեկնածուների անունները և ակնհայտ է, որ նրացից մեկը լինելու է Սերժիկ Սարգսյանը: Մեր հարգարժան նախկին նախագահը ի՞նչ կարգավիճակով է ընդունում հյուրերին: Նա ֆորմալ առումով շարունակում է իր պարտականությունները, սակայն բարոյական տեսանկյունից ես սա դիտում եմ որպես միջամտություն Հայաստանի ներքին կյանքին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վարդան Սեդրակյանը:

Էպոսագետը հիշեցրեց, որ ինքը արդեն հայտարարել է, որ Հայաստանի նախագահ ընտրվելուց հետո ճանաչելու է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը: Այս հայտարարության ֆոնին, ըստ Վարդան Սեդրակյանի, նախընտրական շրջանում Վրաստանի վարչապետի այցը Հայաստան ճիշտ չէ:

«Վրաստանի վարչապետն, այցելելով Հայաստան, իր համակրանքն է հայտնում Սերժ Սարգսյանին»,- նկատեց նախագահի թեկնածուն և Վրաստանի վարչապետին կոչ արեց զերծ մնալ իր պաշտոնական այցից:

«Հունվարի վեջին էլ ընկեր Վլադիմիր Պուտինն է այցելելու Հայաստան՝ իր աջակցութհյունը ցույց տալու Սերժ Սարգսյանին: Ես բազմիցս ասել եմ, որ Սերժ Սարգսյանը ընտրված նախագահ չէ, նրան այդ պաշտոնին նշանակել է ՌԴ-ի նախագահը: 2008-ին այս մեխանիզմը աշխատեց՝ ՀՀ քաղաքացիների արյան գնով»,- ասաց նա: Ըստ Վարդան Սեդրակյանի՝ գործող նախագահը ցանկանում է այս դեպքում իրականացնել նույն այդ մեխանիզմը:

«Զգուշացնում եմ, որ իմ նախագահ դառնալուց հետո ես հաշվի կառնեմ Ռուսաստանի և Վրաստանի իշխանությունների քայլերը ընտրություններից առաջ»,- եզրափակեց Վարդան Սեդրակյանը: