AM
14 Հունվար 2013 - 09:01 AMT

Ադրբեջանահայերի կոտորածը՝ ԼՂՀ խնդրի կարգավորման համատեքստում

Եթե ԼՂՀ խնդրի կարգավորման բանակցություններում ադրբեջանահայերի կոտորածները չեն նշվում, ապա արցախցիների պայքարի պատճառն ամբողջական չի լինում: Կարծիքը «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գեորգի Այվազյանինն է, ով այսօր ասուլիսի ժամանակ նաև նշեց.«Եթե ղարաբաղցիները չկանգնեին ու պաշտպանեին իրենց ու իրենց հողը, մեր ճակատագիրը նրանց էլ էր սպասվում: ԼՂՀ հակամարտության բանալիները մեր ձեռում են՝ Բաքվի կոտորածը վերապրածների ու իրավահաջորդների: Մեր կյանքի ու անվտանգության միակ երաշխիքը ազատ, անկախ պետականությունն է»:

Նրա խոսքով ՝ Ադրբեջանի թուրքերը և Արցախի հայերը չեն կարող միասին ապրել: Ադրբեջանի թուրքերը համարձակ են միայն այն պարագայում, երբ 400 հոգով մեկ բնակարան են մտնում, կամ քնած մարդ են կացնահարում: Գեորգի Այվազյանը նշեց, որ վերջին 20 տարվա ընթացքում խնդիրը բարձրաձայնվել է, բայց ոչ պատշաճ մակարդակով: Ամեն տարի այս օրերին որոշ հայկական քաղաքական շրջանակներ հերթապահ հայտարարություններ են անում՝ առանց նույնիսկ գիտակցելու, որ ականատեսները ողջ են: «Այս գործում մեզ ոչ ոք չի կարող փոխարինել, բայց աջակցություն մենք կընդունենք»,-ասաց Գեորգի Այվազյանը:

Նրա խոսքով ՝ կազմակերպվում են հանդիպումներ շահագրգիռ կողմերի, միջազգային կառույցների, հայկական գաղթօջախների ներկայացուցիչների հետ, նոր աշխատություն է պատրաստվում, որը լույս կսփռի այդ դեպքերի վրա, պատրաստվում են ԱԺ-ում նորից շրջանառության մեջ դնել ադրբեջանահայերի ցեղասպանության ճանաչման օրինագիծը: Դիմել են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և տնօրենից գրավոր պատասխան ստացել: Ադրբեջանահայերի ցեղասպանությունը համապատասխանում է ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիային: Դիմել են նաև Կաթողիկոսին, ով օրհնել է իրենց սկսած գործը: Ստրասբուրգի դատարանում սկսված գործից բացի՝ պատրաստվում են դատավարություն կազմակերպել նաև Հայաստանում: