AM
14 Հունվար 2013 - 10:02 AMT

Ատամնաբույժները բողոքում են. Գները կբարձրացնենք, կամ կարտագաղթենք

ՀՀ նախագահի նստավայրի առջև բողոքի ցույց է: Մոտ 20 ատամնաբույժներ բողոքում են հարկերի բարձրացման դեմ: PanARMENIAN.Net-ի թղթակցի փոխանցմամբ, մասնակիցներն ասում են, որ վերջերս նախագահի ստորագրած նոր օրենքի համաձայն, բացի եկամտահարկից, որը նրանք արդեն վճարում էին, այժմ պետք է ամսական վճարեն. 1-ից 3 նստատեղի համար՝ 80 հազար դրամ, ամեն հաջորդի համար՝ 48 հազար: Այժմ ցուցարարների 3 ներկայացուցիչներ գտնվում են նախագահականում: Ցույցի մասնակիցները նաև ասացին, որ ստիպված կլինեն բարձրացնել ծառայությունների գները, փակել ատամնաբուժարանները կամ արտագաղթել:

Մասնակիցներից մեկի խոսքով՝ այս ամենն արվում է շուկան մոնոպոլիզացնելու նպատակով: Նա հավելեց նաև, որ պետությունը «ոչ մի կոպեկ չի ծախսում ատամնաբուժարանների վրա»:

Տեղեկության համար ասենք, որ PanARMENIAN.Net-ի թղթակիցը պարզեց, որ Երևանի ատամնաբուժարաններում լուսային պլոմբը միջին արժեքը 5 հազարից 20 հազար դրամ է, իսկ ատամի հեռացումը՝ 2 հազարից մինչև 30 հազար դրամ (ըստ բարդության):