AM
15 Հունվար 2013 - 09:46 AMT

Թևան Պողոսյան. Ո՞ւմ պիտի մեղադրենք, եթե չկարողանանք մարդկանց տներից հանել

Ընտրությունները հենց այն մեխանիզմն են, որով կարելի է իշխանափոխության հասնել: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը կարծում է, որ միայն պայքարելով է հնարավոր փոփոխության հասնել: «Եթե տանը նստենք ոչինչ չենք փոխելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատգամավորը: Անդրադառնալով ընտրությունների ելքին և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շանսերին, Թևան Պողոսյանը նկատեց, որ ամեն ինչ կախված կլինի Հովհաննիսյանի թիմից և քարոզարշավի ընթացքում կատարած աշխատանքից:

«Իշանություններն ամեն ինչ անելու են, որ վերարտադրվեն, մենք ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք: Եթե չկարողանանք լավ քարոզարշավ անել, դա մեր մեղքը կլինի: Ո՞ւմ պիտի մեղադրենք, եթե չկարողանանք մարդկանց տներից հանել: Նախընտրական պայքարն այն պայքարն է, որ եթե թերանաս՝ դու ես մեղավոր»,- ասաց Թևան Պողոսյանը: Նա նկատեց, որ իրենց թիմը պայքարելու է ՀՀ ցանկացած քաղաքացու ձայնի համար:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, թե հավատո՞ւմ է իշխանությունների խոստումներին, որ ընտրությունները անցկացվելու են ազատ, արդար և թափանցիկ, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Իշխանությունները միշտ խոստանում են, բայց խոստանալը քիչ է: Պետք է նաև իրականացնել քայլեր, եթե դրանք լինեն, ուրեմն իշխանությունները առաջին անգամ կխոստանան և կիրականացնեն»:

«Ժառանգության» պատգամավորը նկատեց, որ ամեն մարդ իր լուման պետք է բերի: «Կունենանք երկրորդ փուլ, կունենանք ավելի արդար պայքար»,- եզրափակեց Թևան Պողոսյանը: