AM
15 Հունվար 2013 - 13:57 AMT

ՀՔԾ. Ձերբակալված օպերլիազորների մասին ձյուդոյի ֆեդերացիայի հայտարարությունը սուբյեկտիվ է

Անցած տարվա դեկտեմբերի 18-ին ձերբակալված Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանի և Արտակ Բարսեղյանի գործի մանրամասների և հետագա ընթացքի մասին տեղեկություն ստանալու նպատակով PanARMENIAN.Net-ի թղթակիցը հարցում էր ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այսօր ստացված պատասխանում նշված է.

«ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով առաջադրվել է մեղադրանք ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության օպերլիազորների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը, Արտակ Բարսեղյանը 2012 թվականի հոկտեմբերի 3-ին գողություններ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել նախկինում երեք անգամ դատապարտված Ռոբերտ Հովսեփյանին, բռնություն են գործադրել նրա նկատմամբ, պատճառել առողջությանը միջին ծանրության վնաս:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը»:

Նախօրեին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան տարածել էր հաղորդագրություն, որտեղ ասված էր, որ Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը ձյուդոյում մեծ հաջողություններ ունեցող, բարեխիղճ ոստիկաններ են, որոնց ձերբակալել են բազմիցս դատապարտված և ոչ արժանահավատ անձնավորության ցուցմունքի հիման վրա: Այս առնչությամբ ՀՔԾ մամուլի ծառայությունից PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են, որ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի տարածած հայտարարությունը « չի բխում քրեական գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցներով հաստատված դեպքի փաստական տվյալներից, հիմնված է զուտ սուբյեկտիվ գնահատականների վրա, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը զերծ է մնում այն մեկնաբանելուց»: