AM
16 Հունվար 2013 - 05:34 AMT

«Առավոտ». Հիմա էլ Իջևանում են գլխատում քանդակները

Տավուշի մարզպետարանի շենքի հարևանությամբ` Իջևանի քաղաքային զբոսայգում, խորհրդային տարիներին անցկացված քանդակի միջազգային սիմպոզիումի քանդակներից մեկը գլխատվել է: Իջևանի ավագանու անդամ, Իջևանի կոմունալ Ձեռնարկության նախկին տնօրեն Սամվել Չիբուխչյանն «Առավոտ»-ին հայտնել է, որ զբոսայգին 2 պահակ ունի, սակայն նրանք աշխատում են մինչև ժամը 18-ը: Իջևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Թանանյանն էլ ասել է, որ իրենք նախկինում գրություն են ուղարկել ոստիկանությանը, որպեսզի ոստիկանության պարեկային խմբերի գիշերային հերթապահության տարածքում ընդգրկվի նաև քաղաքային զբոսայգին: Ըստ Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի` իրենք դեռ չեն պարզել` քանդակը նոր է վնասվել, թե՝վաղուց:

Քաղաքապետի խոսքերով` քաղաքապետարանի կողմից վերացվել են քանդակների հանդեպ նախկինում կատարված բարբարոսության հետքերը: Իջևանցիները «Առավոտ»-ի թղթակցին հայտնել են, որ հունվարի 15-ի առավոտյան վնասված քանդակի հետևում ընկած էր դրա պոկված գլուխը: Թերթի այցելության ժամանակ` օրվա երկրորդ կեսին, քանդակի գլուխն անհետացել է: