AM
16 Հունվար 2013 - 09:13 AMT

Վարդան Սեդրակյանը ծրագիր ունի, որով Հայաստանը կկարողանա Արևմուտքի համար կոնկրետ հակակշիռ ստեղծել

ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, նախագահ ընտրվելուց հետո, նոր ռազմաքաղաքական դաշինք է ստեղծելու: Ըստ թեկնածուի՝ դաշինքի մեջ կմտնեն Հայաստանը, Իրանը, Ռուսաստանը և Հնդկաստանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Վարդան Սեդրակյանը:

Նա նպատակ ունի վերականգնել կարևորագույն առևտրային ուղի համարվող Մետաքսե մեծ ճանապարհը։ «Դաշինքն իր մեջ ունենալու է տնտեսական հզոր բաղադրիչ։ Աբխազիայի երկաթուղին, ինչպես նաև Իրանի հետ երկաթուղային կապ ունենալը, խիստ անհրաժեշտ է այդ դաշինքին, իսկ Իրանինը մեզ կմիացնի Նախիջևանի հետ։ Հիմնական խնդիրը Երևան-Իրան- Դելի-Մոսկվա ավտոճանապարհ ստեղծելն է, որը երբեմնի Մետաքսե ճանապարհն է»,- ասաց նախագահի թեկնածուն:

Վարդան Սեդրակյանը համոզված է, որ այս ծրագրի արդյունքում Հայաստանը կկարողանա Արևմուտքի համար կոնկրետ հակակշիռ ստեղծել։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ Արևմուտքը Հայաստանը վերացնելու քաղաքականություն է վարում։