Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ ԵԱՀԿ-ն և ԵՄ-ն վերապատրաստում են իրավապահներին: Այսօր մեկնարկում է ընտրակեղծիքների գործերի քննության թեմայով Հայաստանի իրավապահ մարմինների համար եռօրյա դասընթացը:
Միջոցառմանը մասնակցում են մոտ 60 դատախազներ և փաստաբաններ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ակտիվ ներգարվված են ընտրական գործընթացներում: Դասընթացի ընթացքում քննարկվում են ընտրությունների հետ կապված հանցագործությունների գործերի քննությունը, քաղաքացիական գործերի շրջանակներում ընտրական խախտումների լուծման հնարավոր միջոցները՝ այդ թվում ընտրությունների հետ կապված բողոքները:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Վիլյամ Հանլոն իր ողջույնի խոսքում նշեց, որ ԵԱՀԿ-ն անմիջականորեն ներգրավված է եղել ընտրական գործընթացներին: «Կա ԺՀՄԻԳ-ը: Մեզ բախտ է վիճակվել սերտ համագործակցել ԵՄ-ի հետ, ստացել ենք բավական լուրջ ֆինասնական աջակցություն՝ երկրում ընտրական գործընթացներին աջակցություն ցուցաբերելու համար»,- ասաց նա:
Սեմինարի բացմանը ներկա էր նաև ԵՄ պատվիրակության առաջին խորհրդական Օննո Սիմոնսը, ով նշեց, որ ծրագրի նպատակյն է՝ աջակցել դիտորդներին, ընտրությունների կազմակերպիչներին և այլն: «Իրավապահ մարմինների մասով շեշտադրումը լինելու է հասարակական կարգը պահպանելու և ընտրակեղծիքների դեպքում հետաքննությունը պատշաճ կատարելու վրա»,- ասաց նա: Օննո Սիմոնսը կարևորեց ընտրակեղծիքների հետ կապված գործերի արդյունավետ հետաքննությունը: «Քաղաքացիները և քաղաքական դաշտի ներկայացուցիչները հաշվետվողականություն են պահանջում: Կարևոր է հասարակության վստահությունը իրավակիրառման հարցում»,- նկատեց ԵՄ պաշտոնյան:





