AM
17 Հունվար 2013 - 08:13 AMT

Նունե Մեհրաբյան. Երևանում չկա մի թաղամաս, որտեղ հրազենով մասսայաբար շներ չոչնչացնեն

«Փրկենք կենդանիներին» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նունե Մեհրաբյանը և նրա համախոները նախօրեին դիմել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` Քաղաքապետարանի կողմից Երևան քաղաքում թափառող կենդանիների վնասազերծման համար հայտարարվող մրցույթի պայմանների, մրցութային փաթեթների ուսումնասիրության առաջարկով:

Երեկ հարցը քննրակվել է ՏՄՊՊՀ-ում, իսկ այսօր ասուլիսի ժամանակ Նունե Մեհրաբյանն ասաց.«Քաղաքապետարանը թափառող շների գլխաքանակը նշում է 46 հազար, ամեն տարի պետբյուջեից 180 մլն դրամ է ստանում դրանց մի մասին (38 հազար) քնեցնելու, մնացածին՝ ստերիլիզացնելու համար: Չգիտեմ՝ ով և ինչպես է հաշվում, բայց արդեն քանի տարի է՝ նույն գլխաքանակն է նշվում: Սա նշանակում է՝քաղաքապետարանը և տենդերը հաղթող կազմակերպությունն արդյունավետ չեն աշխատում»:

«Փրկենք կենդանիներին» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի խոսքով՝ նշված կառույցների աշխատանքը փակ է և չի վերահսկվում: Արդյունքում. «Չկա մի թաղամաս, որտեղ հրազենով մասսայաբար չոչնչացնեն շներին և սա հերքելով իրենք իրենց են ծաղրում, քանի որ բնակչությունն ամեն ինչ տեսնում է: Գոնե մեր աշխատանքը գնահատեն ու մեր ստերիլիզացրած շներին սպանդի չենթարկեն: Ասում են՝ Նունե Մեհրաբյանը ապօրինի է ստերիլիզացնում շներին»,-ասաց Նունե Մեհրաբյանը:

Թափառող կենդանիների հարցը լուծելու համար արդյունավետ կլինի աշխատանքի առաջին փուլում էգերի գլխաքանակի 80 տոկոսի ստերիլիզացումը:

Մեկ շան ստերիլիզացումը արժե մոտ 9-12 հազար դրամ, քնեցումը՝ 2-3 հազար դրամ:

«Փրկենք կենդանիներին» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արման Էլբակյանը նշում է, որ առաջին հերթին պետք է պարզել նաև Երևանում թափառող շների իրական գլխաքանակը: Քաղաքապետարանի նշած 46 հազարը կասկածի տակ է առնում ու պահանջում հիմնավորել:

«Իմ կարծիքով, որը չեմ պնդի,կոպիտ հաշվարկով մեկ քառակուսի մետրի վրա 25 շուն է հաշվվում, եթե Երևանի տարածքը 300 քառ կմ է, ստացվում է ընդամենը 7500 թափառող շուն»:

Արման Էլբակյանն ասում է, որ թիվն ուռճառցվում է պետբյուջից ավելի մեծ գումար ստանալու համար: