AM
17 Հունվար 2013 - 08:57 AMT

Ավտոբուսներ արտադրելու մասին հնդկական ընկերության հետ պայմանավորվածությունը 2 տարվա վաղեմություն ունի

Ինչպես հայտնել էինք ավելի վաղը Հայաստանում հնդկական Ashok Leyland կազմակերպության հետ համատեղ ավտոբուսների արտադրություն է հիմնվում:

ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունից հայտնում են, որ այս նախաձեռնությանը հիմք է դրվել դեռևս 2 տարի առաջ Գագիկ Բեգլարյանի և Ashok Leyland կազմակերպության գործադիր տնօրեն Պիեռ Գուստավի հանդիպման ընթացքում։

Իսկ արդեն 2012թ. օգոստոս և սեպտեմբեր ամիսներին նրանց հանդիպման ժամանակ քննարկվել են գործարանի հիմնադրման և արտադրության կազմակերպման մանրամասները։

Արտադրության կազմակերպմամբ ավելի քան 100 նոր աշխատատեղ կստեղծվի:

Գործարանի շինարարությունը կմեկնարկի 2013թ. առաջին եռամսյակում։

Մինչ այդ հանրությանը կներկայացվեն արտադրվող ավտոբուսների նմուշները։

Ashok Leyland կազմակերպությունը հիմնվել է 1948թ։ Այն տրանսպորտ արտադրող խոշորագույն կազմակերպություններից է, որի արտադրանքն արտոնագրված է Միացյալ Թագավորության կողմից։