AM
18 Հունվար 2013 - 05:27 AMT

«Հրապարակ». Գլխավոր դատախազի հետ ապարանցիների քեֆ-ուրախությունն ավարտվել է դանակահարությամբ

«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է. «Հին նոր տարին նշելու ավանդույթից չի շեղվում նաև ապարանյան կլանը: Այս տարի ևս Ապարանի հրապարակում մեծ տոնակատարություն էին կազմակերպել, ինչը լայնորեն լուսաբանվեց եթերով: Դատախազի, մարզպետների ու տարբեր իրավապահների հետ ապարանցիների քեֆ-ուրախությունը, ցավոք, ավարտվել է դանակահարությամբ: Լուրը, սակայն, տեղ չգտավ եթերում:

Երեկ ապարանցիները մեր թղթակցին պատմել են, որ մի խումբ երիտասարդներ միմյանց հետ վիճել են, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակահարվել է, երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց: Բարեբախտաբար, նա կյանքին սպառնացող վնասվածք չի ստացել: Բնականաբար, միջադեպը տեղ չի գտել նաև ոստիկանության ամփոփագրում»: