Այս տարի հունվարի 21-ին սկսվում է Առաջավորաց պահքը, որն հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն: Այն տևում է հինգ օր` այս տարի մինչև հունվարի 25-ը ներառյալ:
Ինչպես հայտնի է պատմությունից, Խոր Վիրապից դուրս գալուց հետո Սուրբ Գրիգորը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին, նախքան մկրտելը, 65 օր շարունակ Քրիստոսին ու Նրա հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահքով ապաշխարել: Այդ հինգ օրերին ժողովուրդն իր արքայով հանդերձ ոչ միայն իրեն զրկել էր կերակուրներից, այլ ինչպես պահանջում է իսկական և Աստծու կողմից ընդունելի պահքը, մեծապես զղջում էր իր նախկին հեթանոսական, անբարո կյանքի և բոլոր տեսակ մեղքերի համար:
Այսպես հաստատվեց Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը` Հայ Աոաքելական Եկեղեցու առաջին պահքը (որով և բացատրվում է անունը):
Առաջավորքը, որին կիրակի օրը նախորդում է իր բարեկենդանը (պահքի շրջանին նախորդող ուրախության օր) սկսում են պահել Մեծ Պահքից 3 և Զատկի տոնից 10 շաբաթ առաջ։ Այն մեկն է մեր Եկեղեցու շաբաթապահքերից, որոնք այդպես են կոչվում մոտ մեկշաբաթյա տևողություն ունենալու պատճառով: Առաջավորքը պահում են 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթ ներառյալ, որին շաբաթ օրը հաջորդում է Սուրբ Սարգսի տոնը (այս տոնի պատճառով Առաջավորաց պահքր հաճախ կոչում են Սուրբ Սարգսի պահք, սակայն նախընտրելի է գործածել պահքի բուն անունը):





