AM
18 Հունվար 2013 - 08:25 AMT

«Թռչկանը» դիմել է ԱԱԾ և ԱԱԽ. Սյունիքի մարզից Իրանին արոտավայրեր տրամադրելն անընդունելի է

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել է ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին:

Նախաձեռնությունը կոչ է անում կասեցնել Իրանին Սյունիքի մարզից արոտավայրեր տրամադրելու նախաձեռնությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Վերջերս մամուլում մի շարք հրապարակումներ եղան, ըստ որոնց Հայաստանը, (մասնավորապես Սյունիքի մարզը) և Իրանը, (մասնավորապես Արևելյան Ադրբեջան նահանգը), պատրաստվում են ստորագրել ինչ-որ համաձայնագիր (հուշագիր), որով Սյունիքի մարզը հինգ տարով վարձակալությամբ արոտավայրեր կտրամադրի Արևելյան Ադրբեջանից մի քանի հազար գլուխ մանր ու խոշոր եղջերավոր անասունների արածեցման համար:

«Օրեր» Եվրոպական անկախ ամսագիրը և Asbarez.com-ը հունվարի 16-ի իրենց համարներում նշում են, որ նույն օրը Թավրիզում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ու Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ալիռեզա Բեիգիի կողմից արդեն ստորագրվել է ինչ-որ հուշագիր:

Սոցիալական ցանցերը ողողված են այս նյութով, ծավալվել են լայնածավալ քննարկումներ: Մեր և հանրության լայն շերտի մոտ առաջացել է դժգոհություն և մտավախություն, որ սա կարող է իսկապես իրականություն լինել, քանի որ մենք մեր իրականությունից չենք հեռանում. եթե ՀՀ կառավարությունը պատրաստ է որոշում ընդունել Քաջարան գյուղը տարհանելու վերաբերյալ, ապա այս հարցին միանշանակ առանց հետևանքների մասին մտածելու ու կշռադատելու, կարող է լուծում տալ:

Անհասկանալի է նաև, թե ինչու ձեր ղեկավարած կառույցները մինչ օրս չեն անդրադարձել սույն հարցին և չեն հայտնել իրենց դիրքորոշումը կնքվող հուշագրի վերաբերյալ:

Ողջունում ենք Հայ-իրանական տնտեսական համագործակցությունը, սակայն միևնույն ժամանակ հասկանում ենք, որ նախևառաջ պետք է հայ գյուղացու համար անհրաժեշտ բարենպաստ պայմաններ ստեղծել իր գործով զբաղվելու համար, հետո նոր մտածել Իրանի կամ այլ պետության հետ համագործակցության մասին:

Հաշվի առնելով վերոնշյալը, խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը. արդյոք այս հուշագրի ստորագրումը չի սպառնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը: Եթե` ոչ, ապա խնդրում ենք հիմնավորել: Եթե կիսում եք մեր մտահոգությունները, ապա առաջարկում ենք անհապաղ հանդես գալ հայտարարությամբ և կտրուկ քայլեր ձեռնարկել այս գործընթացը կասեցնելու համար:

Միևնույն ժամանակ, կոչ ենք անում ՀՀ կառավարությանը ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ նմանատիպ ցանկացած որոշում կայացնելուց, առավել ևս առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու և առանց նրա գիտության: Առանց հանրության կարծիքը հաշվի առնելու և խնդիրը լրիվ ու բազմակողմանի ուսումնասիրելու, որևէ հուշագիր կամ պայմանագիր չպետք է կնքվի ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Լրացուցիչ տեղեկացնում ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն ստույգ և հավաստի տեղեկատվություն ստանալու ակնկալիքով, 2012թ. դեկտեմբեր ամսին դիմել էինք ՀՀ տարածքային կառավարման նախարարին և ՀՀ Սյունիքի մարզպետին, սակայն նրանցից ստացել ենք անորոշ և ոչ հստակ պատասխաններ:

Ակնկալում ենք սեղմ ժամկետում ստանալ Ձեր պաշտոնական և հրապարակային արձագանքը: Հուսով ենք, որ այն կլինի ի շահ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության»: