AM
18 Հուլիս 2005 - 07:20 AMT

ԹԱԹՈՒԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ԱՄՆ-Ի ՀԵՏ

Հայաստանը գերազանց հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ` հիմնված համընդհանուր արժեքների եւ սկզբունքների վրա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը: «Մեր նպատակն է Միացյալ Նահանգների հետ արդեն իսկ բարձր մակարդակի վրա գտնվող համագործակցության եւ գործընկերության հետագա զարգացումը` ի շահ մեր երկու երկրների եւ ժողովուրդների, ինչպես նաեւ միջազգային հանրության առջեւ ներկայումս կանգնած մարտահրավերներին դիմակայելը»,-նշել է նա: Նրա խոսքերով, Հայաստանը 1991 թ. իր անկախության վերականգնումից ի վեր հասել է բազմաթիվ նվաճումների` ստեղծելով ժողովրդավարական հաստատություններ եւ քաղաքացիական հասարակություն, կառավարման ներկայացուցչական ձեւեր եւ շուկայական տնտեսություն: «Մենք բարձր ենք գնահատում, Հայաստանի անկախության առաջին տարիներից սկսած, պաշտոնական Վաշինգտոնի կողմից տրամադրված հսկայական քաղաքական, բարոյական եւ մարդասիրական օժանդակությունը, որը Հայաստանին օգնեց ամրապնդել անկախ պետականությունը եւ իրագործել ժողովրդավարական, իրավական եւ տնտեսական բարեփոխումներ: Քաղաքական, տնտեսական եւ անվտանգության ոլորտներում երկկողմ համագործակցության շուրջ երկխոսությունն այսօր ընթանում է երկու կառավարությունների միջեւ ստեղծված տարբեր ինստիտուցիոնալացված ֆորումներում, ինչպիսիք են Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խումբը, ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսությունը, Պաշտպանության ոլորտում երկկողմ խորհրդակցությունը: Կարեւոր դեր են խաղում երկկողմ այցերը. այս տարի արդեն տեղի է ունեցել ԱԳ նախարարի այցը, իսկ ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի եւ պաշտպանության նախարարի այցերը կայանալու են մինչեւ տարեվերջ: Վաշինգտոնում տեղի կունենան նաեւ Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի եւ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության տարեկան նիստերը, նշել է Թաթուլ Մարգարյանը: Ինչ վերաբերվում է հայ-ամերիկյան տնտեսական ծրագրերին, Թ.Մարգարյանը նշել է, որ 1992-ից ի վեր ԱՄՆ օժանդակության ծրագրերի մակարդակը եւ ծավալը փոխվել են մարդասիրական օգնությունից այնպիսի ծրագրերի, որոնք հիմնականում ուղղված են տնտեսական զարգացմանն ու ժողովրդավարական եւ իրավական բարեփոխումների իրականացմանը` նպաստելով այս բնագավառներում Հայաստանի կողմից իրականացված նշանակալի առաջընթացին: Հայաստանի տնտեսությունը, համեմատ հարեւան երկրների տնտեսությունների, ավելի արդյունավետ է, բազմաճյուղ: Ըստ «Ուոլ Սթրիթ Ջորնալ» ամսագրի եւ «Հերիթիջ» հաստատության կողմից հրապարակված տնտեսության ազատության ցուցանիշների տարեկան ցանկի, Հայաստանը բարձր է դասվում նախկին ԱՊՀ բոլոր երկրներից եւ Արեւելյան Եվրոպայի գրեթե բոլոր երկրներից: Հայ դիվանագետը նշել է, որ ԱՄՆ Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի կողմից ֆինանսական միջոցներ ստացող երկրների ցանկում Հայաստանի ընդգրկումն արդար կառավարման, մարդկային ներուժի զարգացումը խրախուսելու, տնտեսության ազատականացման չափանիշներին համապատասխանելու արդյունք է: ՀՄԿ միջոցները եւ ԱՄՆ շարունակվող օժանդակությունը կնպաստեն աղքատության նվազեցմանն ու տնտեսական աճի խթանմանը` նպաստավոր պայմաններ ստեղծելով հայ ժողովրդի ստեղծարար ներուժի խթանման համար: Կոնգրեսի համապատասխան ենթահանձնաժողովներն արդեն իսկ քվեարկել են Հայաստանի համար 2006 թ. հատկացվելիք օժանդակության ծավալն այս տարվա մակարդակին պահպանելու օգտին: Կարեւոր է այն հանգամանքը, որ Կոնգրեսի կողմից պահպանվում է Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության ծավալների հավասարության սկզբունքը: 2006 թ. ԱՄՆ-ը շարունակելու է մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին: ԱՄՆ-ը Հայաստանի հինգ հիմնական առեւտրային գործընկերների թվում է: Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանից արտահանումը Միացյալ Նահանգներ զգալիորեն աճել է: 2005 թ. սկզբին ԱՄՆ-ը Հայաստանին շնորհել է Մշտական նորմալ առեւտրային հարաբերությունների ռեժիմ: Ինչպես նշել է Թ.Մարգարյանը, Հայաստանում ԱՄՆ-ի ներդրումների մակարդակը զգալի է, այնուհանդերձ այն չի համապատասխանում գոյություն ունեցող ներուժին: Հետեւաբար, առաջիկայում առեւտրի եւ ներդրումների զարգացումը շարունակելու է լինել կարեւոր առաջնահերթություն: ԱՄՆ-ի ներդրումները Հայաստանում հիմնականում իրականացվել են զբոսաշրջության, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, մասնավորապես` համակարգչային ծրագրավորման ասպարեզում: Հայաստանում բազմաթիվ հյուրանոցներ կառավարվում են ամերիկահայ ներդրողների կողմից, ինչը բարձրացնում է չափանիշները եւ զարգացնում մրցակցությունն այս կարեւոր ոլորտում: Բազմաթիվ փոքր եւ միջին չափի ամերիկահայ ձեռնարկատերեր սեփական ընկերություններ են հիմնել Հայաստանում կամ ներգրավված են առեւտրային գործարքներում:
Ուստի, նոր ներդրումներ Հայաստան ներգրավելու համար անհրաժեշտ են նոր մեխանիզմներ, ինչպիսիք են ձեռնարկատիրական հիմնադրամները, ներդրումային ընկերությունները եւ այլն: