AM
18 Հունվար 2013 - 14:15 AMT

Մաշտոցի պուրակի ակտիվիստն ու Րաֆֆի Հովհաննիսյանը. Ո՞ւմ կգնան քաղաքացիական հատվածի ձայները

Հայաստանում նախընտրական պայքարը գնալով ավելի անհետաքրքիր ու ձանձրալի է դառնում: Չնայած թեկնածուները թվով շատ են, սակայն հանճարեղ մտքերն ու գաղափարները պետք է «մոմի լույսով» փնտրել: ՀՀ նախագահ դառնալու ցանկություն ունեցող այս մարդկանց մի մասը, գուցե իրոք, փոքր ժամանակ երազել է ղեկավարել Հայաստանն ու հիմա իր երազանքի ճանապարհին է: Թե իրականում ինչու են այս մարդիկ առաջադրվել, դժվար է ասել: Իրենց բերած պատճառներն իրարից այնքան էլ չեն տարբերվում. երկրում տիրող իրավիճակն անհանդուրժելի և անթույլատրելի է: Բայց այդ վիճակը միայն այս 15, հիմա արդեն 8-ի համար չէ, որ անընդունելի է: Ինչևէ, թողնենք այս մարդկանց առաջադրման իրական պատճառները հասկանալու գործն ու տեսնենք, թե ինչ հետևանքներ է թողնում այդ առաջադրումը:

Նախագահի անկուսակցական թեկնածու Անդրիաս Ղուկասյանը շատերին հայտնի է Մաշտոցի պուրակի պայքարից, երբ քաղաքացիական ակտիվիստները մի քանի ամիս նստացույց արեցին ու նախագահի «Տարոն ջան, սիրուն չէ» արտահայտության և այդ պայքարի շնորհիվ հանրային կանաչ տարածքից ապամոնտաժվեցին «բուտիկներն» ու պուրակը կանաչապատեցին… սիրուն պատմություն է: Եվ ահա այս սիրուն պատմության «կերտողներից» մեկը հայտարարում է, որ ցանկանում է դառնալ երկրի նախագահ: Բնականաբար, նա ակնկալում է նաև իր օգտին գրանցել ակտիվ քաղաքացիների` քաղաքացիական հատվածի ձայները:

Վերջինիս նկատմամբ հավակնություններ ունի նաև նախագահի մեկ այլ թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս մասին նա և իր թիմը բազմիցս հայտարարել են: Այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրություններում լուրջ արդյունքներ գրանցելու հնարավորթյուն ունի, ասում են և քաղաքագետները, և երկրի գլխավոր սոցիոլոգը, և իշխող` Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները:

Թե ում կտան իրենց ձայնը քաղաքացիական ակտիվիստները, նրանց որոշելիքն է: Կախված է, իհարկե, նաև այս երկու թեկնածուների քարոզարշավից և նախըտրական խոստումներից:

Ընտրությունների ժամանակ ընդունված և կիրառվող հասկացություններից մեկը «ձայներ փախցնել»-ն է: Թե իրականում ինչո՞ւ է իր թեկնածությունը դրել Անդրիաս Ղուկասյանը, գիտեն միայն ինքը և Աստված: Բայց այն, որ քաղաքացիական հասարակության ձայները հեշտությամբ կարող են գնալ հենց նրա օգտին, և ոչ` Րաֆֆի Հովհաննիսյանի, շատ հավանական է: Հավանական է, որ քաղաքացիական ակտիվիստները կցանկանան Հայաստանի նախագահ տեսնել իրենցից մեկին:

Ձայների նման բաշխումը ի՞նչ կտա իշխանափոխության ձգտող հատվածին, կերևա հետո… ի՞նչ կտա հենց իշխանությանը, կարծում եմ` այսօր էլ հասկանալի է:

Հ.Գ. Թեկնածուներից որևէ մեկին չեմ սատարում և նախապատվություն չունեմ: