AM
18 Հունվար 2013 - 15:28 AMT

Բակո Սահակյան. Արդարադատության իրականացման համար ԼՂՀ-ում ստեղծված են բոլոր ինստիտուցիոնալ պայմանները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է ԼՂՀ Գերագույն դատարան, որտեղ մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը և շնորհավորել ոլորտի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ:

Իր խոսքում նախագահը նշել է, որ դատական իշխանությունը հանդիսանում է ժողովրդավարական համակարգի և քաղաքացիական հասարակության կարևորագույն ինստիտուտներից մեկը, առանց որի անհնարին է պատկերացնել ժամանակակից քաղաքակիրթ պետությունը: Ըստ Բակո Սահակյանի` պետության հանդեպ հասարակության վստահությունը, երկրում արդարության և օրենքի առջև հավասարության ապահովումը մեծապես պայմանավորված է նաև դատական համակարգի արդյունավետ գործունեությամբ:

Երկրի ղեկավարն ընդծել է, որ արդարադատության իրականացման համար մեր երկրում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ինստիտուցիոնալ պայմանները` միաժամանակ հավելելով, որ այն պատշաճ մակարդակով իրականացնելու ուղղությամբ անելիքներ դեռևս շատ կան: Այս համատեքստում Բակո Սահակյանը հատկապես կարևորել է կադրերի արհեստավարժության բարձրացումը, նրանց պատրաստման, վերապատրաստման և հուսալի ռեզերվի ձևավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև համակարգում բարոյահոգեբանական մթնոլորտի շարունակական բարելավումը:

Հանրապետության Նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավորներիի երդման արարողությունը: