AM
18 Հուլիս 2005 - 08:24 AMT

ԱՄՆ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԿՍՏԱՆԱ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Վերջերս ԱՄՆ պաշտոնական անձանց կողմից արվեցին մի շարք հրապարակային հայտարարություններ Կոսովոյի ապագա կարգավիճակի վերաբերյալ, հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը: Նրա խոքերով, անկախ այն բանից, թե որքանով է ԱՄՆ վարչակազմը կողմնակից Կոսովոյի լրիվ ինքնիշխանության գաղափարին, վարչակազմի ներկայացուցիչները գտնում են, որ այդ տարածաշրջանի վերջնական կարգավիճակը պետք է լինի բանակցային գործընթացի արդյունք: «Մենք գիտակցում ենք, որ միջազգային հանրությունը պատրաստ չէ վերցնել ողջ պատասխանատվությունը եւ սկզբունքային լուծում առաջարկել բոլոր նման դեպքերի համար կամ պատրաստի լուծումներ պարտադրել Կոսովոյում թե այլուր»,-նշել է նա: Այնուամենայնիվ, միջազգային հանրությունը կարող էր ավելի համարձակորեն աջակցել այս տարածաշրջաններում ժողովրդավարության ամրապնդմանը եւ տնտեսական զարգացմանը: «Այն մտայնությունը, որ տնտեսական մեկուսացումը, իբր, հակամարտող կողմերին ստիպում է գնալ փոխզիջումների, սխալ է: Ընդհակառակը, պարտադրված մեկուսացումն ու աղքատությունը կարող են նպաստել էթնոցենտրիզմի խորացմանը եւ նվազեցնել հակամարտող կողմի հակվածությունը փոխզիջումների»,-հայտարարել է Մարգարյանը: Այս պարագայում ողջունելի է, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիության երկրները շարունակական աշխատանք են տանում Կոսովոյում ժողովրդավարական արժեքներն ամրապնդելու եւ տնտեսությունը ազատականացնելու ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իր ինքնուրույն ընտրությունն է կատարել եւ էական ջանքեր գործադրել ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական զարգացման ուղղությամբ: ԼՂՀ-ում վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ մնալու վճռականության վառ ապացույցն էին, արժանի միջազգային հանրության խրախուսանքին եւ գնահատանքին: Կոսովոյի անկախությունը, անշուշտ, իր ազդեցությունը կունենա աշխարհում այլ հակամարտությունների կարգավորման գործընթացների վրա: Սակայն չափազանցված է միջազգային հանրության որոշ ներկայացուցիչների կողմից հնչեցված մտահոգությունն առ այն, որ Կոսովոյի ինքնիշխանության ճանաչումը կարող է մնացած դեպքերում հավասարազոր լուծում պարտադրող նախադեպ ստեղծել: Ի վերջո, միջազգային հանրությունը յուրաքանչյուր դեպքի առանձնահատկություններին համապատասխան մոտեցում է ցուցաբերում: Բացի այդ, հակամարտությունների կարգավորման կամ կանխման նպատակով հակամարտող կողմերի կամ միջազգային հանրության կողմից այս կամ այն ձեւով ինքնորոշման իրավունքի կիրառման մի շարք օրինակներ արդեն գոյություն ունեն: Անկախ արդյունքից, միայն վերջին տասնամյակում այս տարբերակը կիրառվել է Արեւելյան Թիմորի, Հյուսիսային Իռլանդիայի, Քվեբեկի, Հարավային Սուդանի, Պուերտո Ռիկոյի, Սերբիայի եւ Չեռնոգորիայի եւ այլ դեպքերում: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, միջազգային հանրությունն ընդունում է դրա տարբերությունը նախկին ԽՍՀՄ տարածքում առկա այլ հակամարտություններից: «Համոզված եմ, եւ սա արդեն իսկ լայն ճանաչում է ստանում, որ այս հիմնահարցի ցանկացած լուծում հիմնվելու է Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման փաստի եւ իրավունքի վրա: Սա է հիմնահարցի առանցքը, եւ վերջնական կարգավորումն այն պետք է հաշվի առնի»,-հայտարարել է Թաթուլ Մարգարյանը, հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը: