Հունվարի 15-ին ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նամակով դիմել էր ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին և խնդրել էր հրապարակել ՀՀ ընտրողների պաշտոնական վիճակագրական տվյալները ՀՀ անկախացումից ի վեր:
Հունվարի 19-ին կայացած նիստում ՀՀ ԿԸՀ-ն այս առաջարկը որակեց որպես տեղեկատվություն ստանալու պահանջ, մերժեց ՀՀ-ից հեռացած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելու մասին առաջարկը, իսկ ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների և ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած քաղաքացիների վերաբերյալ մասով ՀՀ նախագահի թեկնածուի դիմումը վերահասցեագրեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը: Արման մելիքյանի նախընտրական շտաբը այս առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ. «Մենք ստիպված ենք պարզաբանել, որ ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դիմումը ոչ թե տեղեկատվություն տրամադրելու պահանջ էր, այլ համապատասխան տեղեկատվությունը հրապարակելու միջոցով զանգվածային ընտրակեղծարարությունը կանխելու պահանջ: Ներկայումս Հայաստանում ոչ ոք, այդ թվում նաև ԿԸՀ-ի անդամները, պատկերացում չունի, թե Հայաստանում իրականում որքան ընտրող է մնացել: ԿԸՀ-ի նիստի ընթացքում Արման Մելիքյանի կողմից արված այս պնդումը ԿԸՀ անդամներից որևէ մեկի կողմից չվիճարկվեց: Մեր համոզմամբ, այս անորոշությունը նախկինում հնարավորություն է տվել, որպեսզի ընտրություններին մասնակցած քաղաքացիների թվաքանակը հավելագրվի առնվազն 400-500 հազարով: Հավելագրումն օգտագործվել է իշխանության թեկնածուի հաղթանակն ապահովելու նպատակով:
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական շտաբը հայտարարում է, որ ընտրությունների անցկացման օրինականությունն ապահովված չէ, քանի դեռ վերացված չեն ընտրակեղծարարության համար հսկայական հնարավորություններ պարունակող պայմանները: Ելնելով այդ իրողությունից Արման Մելիքյանը, առաջնային համարելով ընտրությունների օրինական անցկացումն ապահովող պայմանների ստեղծման անհրաժեշտությունը, գտնում է, որ այս պահին դեռևս հիմքեր չկան գալիք ընտրությունները համարելու իրավաչափ և օրինական»:





