AM
21 Հունվար 2013 - 10:46 AMT

Քաղաքապետարանի թեժ գծին մեկ շաբաթվա ընթացքում 108 հեռախոսազանգ է ստացվել

Երևանի քաղաքապետարանում այսօր անցկացվել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը: 16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման մասով զեկուցվել է, որ արդեն պատվիրված են նախագծերը և շարունակվում են նախապատրաստական աշխատանքները: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության գործընթացը:

Անցած մեկ շաբաթվա ընթացքում օժանդակություն է ստացել սիրիահայ 167 ընտանիք, 23 ընտանիքների էլ ցուցաբերվել է անվճար բուժօգնություն:

Թեժ գծերի աշխատանքի և բնակչության կողմից ստացվող ահազանգերի արձագանքման ընթացքի վերաբերյալ վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում և քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում անցած մեկ շաբաթվա ընթացքում ստացվել է 108 հեռախոսազանգ, որոնք հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային բնույթ: Զեկուցվել է նաև, որ դրանց գերակշիռ մասը լուծում է ստացել: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հնարավոր բոլոր եղանակներով բնակիչներին իրազեկել քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարների մասին: