AM
21 Հունվար 2013 - 11:47 AMT

Դինքի սպանության օրը մարդաշատ է եղել Անկարայի «Հաղթանակ» հրապարակը

Անկարայում տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանության վեցերորդ տարելիցը ոգեկոչող ֆորում, որը կազմակերպվել էր «Մարդու Իրավունքների Միության» Անկարայի կենտրոնի, «Մտքի Ազատություն Նախաձեռնության» և տեղական այլ հասարակական կազմակերպությունների կողմից։

Թուրքիայի ականավոր մտավորականների մասնակցությամբ ֆորումի աշխատանքներին հրավիրվել էին նաև «Արևմտահայոց Ազգային Համագումար» միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ Կարեն Միքայելյանը (ԱԱՀ փոխնախագահ) և Սևակ Արծրունին (ԱԱՀ Խորհրդի անդամ, Թուրքիայի աշխատանքային խմբի համակարգող)։ Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են «Արևմտահայոց Ազգային Համագումար» միջազգային կազմակերպության մամուլի գրասենյակից, ելույթներով հանդես են եկել հանրաճանաչ մտավորականներ Իսմայել Պեշիկչին, Սաիդ Չեթինօղլուն, Ֆիքրեթ Բաշքայան և Բասքին Օրանը:

Իսմայել Պեշիկչին, ով Հրանտ Դինքի գնահատմամբ Թուրքիայում Հայոց ցեղասպանության խնդրի առաջին հրապարակայնորեն բարձրաձայնողն է եղել, ասել է, որ Թուրքիայում հայության և մյուս ժողովուրդների վերացմամբ բնաջնջվեց հազարամյա Մերձավոր Արևելքը, և որ այս պատմական անկյունադարձային փաստը հարկավոր է հետազոտել և գնահատել:

Թայֆուն Իշչին ներկաներին հարց է ուղղել Թուրքիայի բնակչության ինքնության մասին և հայտարարել, որ ինքն էլ «հայ ժողովրդի զավակների կողոպտված գույքից» մի օրինակ է, քանի որ հայրը առևանգվել և իսլամացվել է իր ընտանիքը կոտորած մարդկանց կողմից:

Ֆորումի ավարտից հետո բոլոր ներկաները մասնակցել են դեպի Անկարայի «Հաղթանակ»-ի հրապարակ երթին՝ Թուրքիայի պետությունից պահանջելով Հրանտ Դինքի սպանության գործով ճշմարտության անհապաղ բացահայտումը: