AM
21 Հունվար 2013 - 16:11 AMT

Նախագահի թեկնածուները ցանկացած պահի կարող են դիմել Ոստիկանության «Թեժ գծի» օգնությանը

Այսօր տեղի ունեցավ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և կրատվության վարչությունից, խորհրդակցության ընթացքում օպերատիվ շտաբի աշխատանքային խմբերի պատասխանատուները ներկայացրին նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում կատարված աշխատանքը, առաջիկա ծրագրերն ու դրանց իրականացման ժամանակացույցը:

Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը ներկայացրեց ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների մասին ուղեցույցի ուսուցման գործընթացը՝ նշելով, որ գրաֆիկով հաստատված գործնական պարապմունքների ստուգարքները մոտենում են ավարտին, և շուտով կամփոփվեն արդյունքները մայրաքաղաքում ու մարզերում:

Հունան Պողոսյանը նշեց, որ արդեն իսկ գործում է «Թեժ գիծը», որին ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման հարցերով կարող են դիմել և թեկնածուների շտաբները, և կազմակերպություններն ու քաղաքացիները: Նա հրահանգեց նախընտրական փուլում պարտադիր քննարկման առարկա դարձնել ցանկացած ահազանգ ու հրապարակում:

Խորհրդակցության ավարտին տրվեցին համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ: