AM
22 Հունվար 2013 - 14:58 AMT

Օքսֆամ. Ամենահարուստ մարդիկ սպառում են 10 000 անգամ ավելի շատ ածխածին, քան միջին քաղաքացին

100 ամենահարուստ մարդկանց տարեկան եկամուտը բավարար է ավելի քան չորս անգամ հաղթահարելու աղքատությունը աշխարհում: Այս մասին պնդում է Օքսֆամ բրիտանական միջազգային բարեգործական կազմակերպությունը: Ըստ կազմակերպության` գերշահույթի և հարստության կտրուկ աճը սրում է սոցիալական անհավասարությունն ու խոչընդոտում աղքատության վերացմանը աշխարհում: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Օքսֆամ բրիտանական միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակից:

Համաձայն Օքսֆամի «Սոցիալական անհավասարության գինը. ինչպիսի վնասներ են բոլորիս հասցնում չափազանց մեծ հարստությունն ու գերշահույթը» զեկույցի՝ 2012 թվականի 100 միլիարդատերերի ընդհանուր առմամբ 240 միլիարդ դոլար կազմող զուտ եկամուտը կլիներ բավարար չորս և ավելի անգամ հաղթահարելու ծայրահեղ աղքատությունն աշխարհում: Զեկույցում կոչ է արվում համաշխարհային առաջնորդներին սանձել ներկայիս գերշահույթների ստացումն ու հանձնառել նվազեցնելու սոցիալական անհավասարությունը և հասցնելու այն առնվազն 1990-ականներին գրանցված մակարդակին:

Մեկ տոկոս կազմող ամենահարուստ մարդիկ վերջին քսան տարում իրենց եկամուտը ավելացրել են 60 տոկոսով՝ դրանով իսկ առավել արագացնելով, քան արգելակելով ֆինանսական ճգնաժամի գործընթացը:

«Օքսֆամը նախազգուշացնում է, որ չափազանց մեծ հարստությունն ու գերշահույթը ոչ միայն բարոյականությունից դուրս են, այլև տնտեսապես անարդյունավետ, քաղաքականապես քայքայիչ, սոցիալական առումով պառակտիչ, իսկ բնապահպանական առումով` կործանարար:

Ըստ հաշվարկների` մեկ տոկոս կազմող ամենահարուստ մարդիկ սպառում են 10,000 անգամ ավելի շատ ածխածին, քան միջին ԱՄՆ քաղաքացին»,- ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: